Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովուրդը,− ասաց մի ուրիշը,− նա բեգի սեղանին բազմած, որսերով լցնում է փորը և կուշտ-կուշտ ծիծաղեցնում մեր դահիճներին…

− Դրանք թողեք, դուք այն ասեք, թե ի՞նչ եք մտածում անել… էգուց չէ մեկէլ օր ժամանակը գալիս է, որտեղի՞ց ենք տալու էղնամի (անասնական հարկ) չորս հազար հինգ հարյուր ղուրուշը (450 ռուբլի)։

− Դրանք բոլորը վերջի բան է,− ասաց խոսքը կտրելով ծերունի Օհանը։− Դուք այն ասեք, ինչպե՞ս անենք, որ այս անօրենին գավառից դուրս հանենք։ Սա իր ավազակներով թե կորչի, մնացյալներից ազատվելը հեշտ է։

− Բանն էլ այդտեղ է, որ այնպիսի դևերից չէ, որ մի խաչ հանելով չքվի…

− Գիտե՞ք ինչ կա,− ասաց բանտարկյալ Մինաս քեհյայի եղբայրը, բոլորի ուշադրությունը գրավելով յուր ծանր խոսակցությամբ,− եկեք մի աղերսագիր գրենք, վալիին տանենք և մեր ցավերը մեկ-մեկ հայտնենք ու ետ չդառնանք, մինչև արդար վճիռ չստանանք…

− Ո՞ւմ վրա, ո՞ւմ եք գանգատի գնում,− խոսքը ընդմիջեց Քյալաշ քեհյան, որ նոր ներս մտնելով դռան միջից լսում էր խոսակցությունը։− Դրանք դատարկ բաներ են, զուր տեղը մի քանի ամիս Արզրումի սարայի դռներում ու խաների (քարվանսարա) անկյուններում պիտի տանջվիք և հուսակտուր ետ դառնաք, այն էլ՝ թե բաց թողնեն… Այստեղ տուն-տեղ անտեր, անտիրական թողնել ու Արզրումի փողոցներում թափառելը խելքի մոտիկ բան չէ։

− Դու սովոր ես խոշոր-խոշոր խոսելու, մեծ-մեծ խոստումներ անելու,− ասաց ծանրությամբ ծերունի Օհանը,- բայց գլուխ բերած օգտաբեր գործդ չտեսանք, հիմի չես էլ թողնում, որ ուրիշները խոսին, տեսնենք նրանք ի՞նչ են մտածում․․․

− Ով ինչ կուզե մտածե, բայց բոլորը զուր է, ես իմ վերջնական որոշումս արել պրծել եմ, Թեմրանը շուտով կազատվի այդ անօրենի ձեռքից… Ավել խոսելու կարողություն չունիմ: