Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկավ սրճատնից, և Խոջայի հետ ուղղվեցին դեպի պալատ: Դեռ շատ չէին հեռացել էյուբից և նոր էին մտել կենտրոնական քաղաքամասը, որ պատահեցին նույն սիմիտչի բոշնակին, որ առանց մտածելու անգամ, թե իր խռպոտ ձայնը կարող է աշխարհում մի որևէ անհատի զայրացնել, կանչում էր անվերջ՝ սիմի՜տ, սիմի՜տ, սիմի՜տ… Քանի կանչում էր բոշնակը, ամբողջ մարմնով դողում էր սուլթանը և երբ մոտեցան իրար՝ սուլթանն ուշի֊ուշով քննեց դրա հագուստն ու կապուստը և նկատելով սիմիտչիի չստերի վրա մի կտոր դեղնոտ տեղ, ասաց զայրացած.

— Անօրեն, մի՞թե քեզ հայտնի չէ, որ զիմմիներդ իրավունք չունիք ուրիշ գույներով զարդարվելու։ Ինչի՞ իսլամիկղերին հատուկ դեղին չստեր ես հագել։

— Խնայի՛ր ինձ, մեղավոր եմ, դերվիշ բաբա,— ասաց դողդողալով բոշնակը,— աղքատությունից ստիպված հին կոշիկներ գնեցի ու անձամբ ներկեցի, սևացրի։ Տեսե՛ք, տեսեք,— ասաց բոշնակը կոշիկները հանելով,— արդեն բոլորովին սև է, միայն այս մատիս բռնած տեղը բաց է մնացել, չեմ նկատել, չի սևացել…

— Ձա՛յնդ, անօրեն, դեռ արդարանա՞լ ես ուզում,— ասաց ու ետ նայելով ծպտյալ սուլթանը նշան տվեց հեռվից հետևող ենիչերիներին ու առաջ գնաց Խոջայի հետ։

Ենիչերիները իրենց տիրոջ ակնարկը նկատելուն պես, վրա հասան, բռնեցին սիմիտչիին, ցրվեցին նրա սիմիտները, ոչխարի նման գետին գլորեցին, պառկեցրին թշվառին, գլուխը կտրելով, սիմիտի տեփուրի վրա դրին, ծածկեցին մի փալասով և հետևեցին իրենց տիրոջը։

Ծպտյալները առանց ետ նայելու շարունակեցին իրենց ճանապարհը ոլոր-մոլոր, նեղ ու կեղտոտ փողոցներով, մինչև հասան կրկին Լիմոն-Իսկելեն։ Այդտեղ նույն գինետնից դարձյալ գալիս էին երգի ու նվագարանի խառնաշփոթ ձայները, էլի աղմուկն ու գոռգոռոցը տարածվել էին ամեն կողմ։ Երբ ծպտյալները՝ աչքերը հառած գինետան դռան կողմը, մոտենում էին, մի բարձրահասակ, լիք-լիք հույն, ալբանական ծալովի ֆեսը գլխին՝ դուրս եկավ փողոց և հսկա քայլերով դիմեց