Էջ:Collected works of Atrpet.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ողբալով սգում էին իրենց ընտանիքների սև օրը Թեմրանի համբաները, մինչդեռ կոծում էին գյուղի մանկահասներն ու հասակավորներն իրենց հոր, եղբոր, ամուսնի, որդու սոսկալի վիճակը, մի դժոխական բռնաբարություն էր կատարվում Ամիրխանենց տան մեջ։ Մամո բեգը յուր հրոսակներով մտնելով Անթառամի սենյակը, հափշտակեց նրան և նվաղած, անզգայացած տարավ յուր սարայը։ Նահապետական նվիրական օջախը պղծելուց, նրա զարդերն ու հարստությունները կողոպտելուց հետո, մնացորդը թողեց իր գործակատարներին բաժանելու… Քյալաշի որդին՝ Արտաշը, և աղջիկը՝ Աննմանը, որպես գերի տարվեցան բեգի հովիվների խրճիթները, իսկ զառամյալ քույրը ոտքի տակ ճմլվեցավ։ Մինչև լուսանալը, ոչ միայն դատարկեցին ավարառուները Ամիրխանենց տան կայքն ու կարողությունը, այլ նրա դռներն էլ քանդեցին, տարան։ Լուսադեմին Ամիրխանենց տունը ավելի ավերակի, քան թե բնակարանի էր նման… Նույն գիշերը ավարառության ենթարկվեցին գյուղացիներից շատերի տները և մի քանի ունևորների գեղանի աղջիկներին հարճ տարին Մամոյի արբանյակները…Սուգը, ողբն ու կոծը ընդհանուր էր և վշտի սաստկությունը մոլորեցրել էր ամենքին։ Ամեն մարդու սրտի խորքերից անվերջ հառաչանքներ էին բարձրանում, ամեն շրթունքներից անեծքներ էին թափվում անգութ դահիճների գլխին և ոչ ոք չէր կարողանում մի ճար գտնել այդ գազանների ճանկերից իրենց սրտակիցներին ազատելու համար։

Անթառամը Մամոյի ննջարանում յուրաքանչյուր անգամ սթափվելիս ի՜նչ սոսկալի ցնցումներ էր կատարում, ինչպե՜ս բորբոքվում էին նրա թոքերը հարեմական վարագույրների ու որմերի մեջ նեխված օդը ծծելով, ինչպե՜ս մորմոքում էր նրա մայրական սիրտը, երբ նրա վառ աչքերը չէին նկատում շուրջը յուր սիրասուն զավակներին, ինչպե՜ս մթնում էին նրա աչքերը, երբ գազանաբարո դահիճը յուր զզվելի դեմքով ներկայանում էր նրան զանազան հաճոյախոսություններով՝ չի կարելի բառերով արտահայտել։ Նա երբեմն կատաղում էր մատակ առյուծի նման և ուզում էր հարձակվել-բզկտել յուր ձագերը հափշտակող, չարչարող, տանջող, անգութ դահիճներին