Էջ:Collected works of Atrpet.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին մատակներին, կովերին ու ոչխարներին և լսեց անլեզու անասունների խրխնջոցը, բառաչը և մայոցը, որոնք կարծես բողոքում էին ավազակների դեմ, չէին հեռանում ախոռներից ու գոմերից և որոնում իրենց ձագերին… Նա տեսավ, թե ինչպես փշրում էին սնդուկները, քանդում էին սենյակներն իրենց զարդարանքներից, կոտորում, թափում, ոտնատակ էին տալիս կարասների միջի բարին, եղն ու ձեթը, թթուն ու աղունը, ալյուրն ու պանիրը և այդ սոսկալի րոպեներում անդադար տան այս անկյունից այն անկյունն էր քաշվում պաշտպանվելու և յոթ տարեկան քրոջը՝ Աննմանին, պաշտպանելու, ոտքի տակ չթողնելու համար։ Դեռ ինքը երեխա, եղբայրական և այրական պարտականությունը կատարելու էր պարտավորվել, դեռ ինքը պաշտպանության կարոտ, արենակցական սերը ստիպել էր իրենից թույլին պաշտպանելու հոգսը քաշել։

Ավազակները տունը բոլորովին մերկացնելուց հետո մի անկյունում երկուսին անբաժան կերպով իրար գրկած ու քնած էին գտել և առանց իրարից բաժանելու, որպես ավարի մաս, տարել գցել էին մի հովվի տուն։ Այն փափկասուն զավակները, որոնց ամեն մի պետքերն Անթառամը յուր ձեռքով էր կատարում, այն սիրասուն զավակները, որոնց ամեն մի ցանկություններին Քյալաշը հրամայում էր անմիջապես բավականություն տալ, այն մատաղահասները, որոնք մեծացել էին միմիայն գգվանքներով և փայփայանքներով, որոնց ականջները չէին լսել ո՛չ կոշտ խոսքեր, ո՛չ անառակ հիշոցներ, այն արարածները, որոնք ո՛չ ցրտի սաստկությունը և ո՛չ տոթի տապն էին զգացել, վայրենի հովիվների անարգանքներին մատնված, դատապարտվել էին ծառայելու և ստրկաբար կատարելու անզգա և անգութ տերերի անխիղճ ու անողորմ հրամանները։

Փետրվարի մեջերքին էր, երբ առաջին անգամ Մամոյի հովիվ Հասոն հրամայեց Արտաշին իրենց հիսունի չափ կթան ոչխարները տանել և արածացնել գետափում, ձորի մեջ։ Այդ առաջին անգամ էր, որ քեհյայի որդին, խլիկը թիկունքին գցած, մահակը ձեռին, գամփռների հետ ոչխարը առաջը