խառնած, դիմեց դեպի ձորը։ Նրա պաշարը գարի հաց էր և լոռի փշրանք, որոնք հովվի կինը՝ Սոնան, զետեղեց խլիկի թիկունքից կախված գլխանոցում և ճանապարհ գցեց։
Աննմանը, որ մինչև այդ ժամանակ ոչ մի րոպե չէր բաժանվել եղբորից, սիրտը լցվեց և արտասուքը աչքերին, առանց ուշք դարձնելու Սոնայի սպառնալիքներին, վազեց եղբոր ետևից և նրա հետ ամբողջ օրը արևի, քամու և բքի տակ անցկացրեց։ Հովերի կատաղած ու ցրտի սաստկացած ժամանակը փոքրիկ հովիվը յուր խլիկի մեջ էր առնում քրոջը և երկուսով իրար փաթաթվելով, մեկ−մեկի տաքացնում էին։ Գամփռները, որոնք երբեմն−երբեմն շրջում էին ոչխարների չորս կողմը, չէին բաժանվում իրենց մանկահաս առաջնորդներից, որոնց ոտքի տակ պառկելով, աչքերը չորս կողմ չռած դիտում էին իրենց պաշտպանության հանձնված անզեն արարածներին։
Հասոյի կինը՝ Սոնան, երբ նկատեց, թե դժվար է բաժանել քրոջը եղբորից, նրանց մի քանի շաբաթ թողեց, որ միասին տանեն ոչխարը արածելու, նամանավանդ որ այդ օրերը ծնում էին ոչխարները, և մատղաշ գառներին իրիկունները հարկավոր էր գրկով տուն բերել, իսկ Արտաշը մենակ հո՞ չէր կարող երկու−երեք գառ գրկեր: Գործի պետք եկավ, նա արդեն սկսեց եղբորը օգնել և գրկով հովվի տունը տանել նորածին գառներին։ Գոհ էր Աննմանը, որ իրեն չէին բաժանում յուր եղբորից և մեծ ուրախություն էր պատճառում անմեղ երեխային, երբ քնքշիկ գառը գրկին վերադառնում էր տուն։ Քիչ ժամանակից հետո գառները արդեն շատացան և ժրացան, նրանք էլ կարող էին գարնանամտի քնքշիկ թարմ դալարները արածել։ Աննմանին էլ տվին մահակ ու գամփռներ և քույր ու եղբայր իրարից ոչ շատ հեռու շարունակեցին արածացնել կթան ոչխարներին ու նրանց գառներին։
− Աննո՛ (քրդուհին արդեն կրճատել էր նրանց անունները),−