Էջ:Collected works of Atrpet.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղբայր և քույր, առաջները խառնած իրենց հանձնված հոտը, տանում էին ամենալավ արոտատեղերը, ժամանակին տուն բերում կթելու և կրկին դիմում իրենց գործին։ Տարվա մեծագույն մասը, գիշեր-ցերեկ անցկացնում էին բաց օդում, անձրևի, ցողի, եղյամի և ձյունի տակ, իսկ սաստիկ ցրտերին կովերի հետ պառկում էին տաք գոմերի սալահատակի վրա, առանց ծածկոցների։ Բացի խլիկից, ցրտի դեմ պատսպարվելու ո՛չ մի տաք շոր չունեին, կրծքերը, թևերը, սրունքները մերկ, ոտքերը բոբիկ անցկացնում էին տարվա բոլոր եղանակները մարգերում և քարքարոտ գետափում։ Քույր և եղբայր, բացի Սոնայի անողորմ հրամաններից, միայն իրար ձայն էին լսում, իրար հետ խոսակցում և իրար հաղորդում զգացածները, աշխարհի երեսին չունեին ոչ մի բարեկամ և ոչ մի ընկեր, բացի գամփռներից։


Գ


Արտաշը բաց օդի մեջ, բարձր լեռների լանջերի վրա, ազատ մտավոր զբաղմունքներից՝ աճեցավ, լցվեցավ ու զվարթացավ և սկսեց անվախ յուր հովանավորության հանձնած ոչխարի վրա հարձակվող աղվեսների, շնագայլերի և գայլերի վրա հարձակվել։ Նա մի անգամ մի գայլ տապալեց յուր մահակի մի հարվածով և նրա դիակը իրիկունը հետը տուն տարավ։ Սոնան գայլի մորթը երզնկացի վաճառականին տվեց, որի փոխարեն ստացավ մի լաչակ։ Այդ առևտուրը ուրախացրեց Հասոյին, որը պարտ դրեց Արտաշի վզին՝ ամեն օր մի այդպիսի որսով տուն գալ։ Այդ պատճառով Արտաշը հրացան ու վառոդ պահանջեց քրդից, որը շտապեց կատարել նրա ցանկությունը։

Դրանից հետո Արտաշն ու Աննմանը սկսեցին իրենց խաշները արածեցնել մութ անտառների մոտ, խոր-խոր ձորերում և այրերում, ապառաժների տակ։ Արտաշը առանց որսի և ոչ մեկ օր տուն չէր վերադառնում, իսկ Հասոն ու Սոնան միշտ զայրանում էին, թե քիչ որս էր տուն տանում։ Արտաշը նրանց