Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց նախատինքներից ազատվելու, ագահ սրտերը հագեցնելու համար կյանքն ամեն րոպե վտանգի ենթարկած մտանում էր ամենավտանգավոր այրերը, անտառների խորքերը, բարձրանում էր ապառաժների լանջերով և օրեցօր աճեցնում էր տուն տարած որսերի թիվը։ Այդ բոլորի մասին ոչ միայն մի գոհունակ նշան չէին ցույց տալիս Հասոն ու Սոնան, այլ Աննմանի հովվության ազատ ժամերին Արտաշի համար գառի բրդից մանած ու գործած բաճկոնն ու շալվարը խլում, հագցնում էին իրենց որդիներին, միշտ ասելով, թե նորից գործե եղբոր համար։ Եվ միշտ քույր֊եղբայր չէին արժանանում վայելելու իրենց աշխատությամբ ձեռք բերած բարու ամենաչնչին մասն անգամ։

Արտաշի լավ որսորդության, գնդակը ճիշտ նպատակին հասցնելու և աչքաբաց հովվության համբավը տարածվեց ամեն կողմ, ողջ գավառում սկսեցին խոսել նրա ճարպիկության, անվեհերության և արիության մասին։ Հասոն թեև Արտաշին երբեք ուրախ երես չէր ցույց տալիս, բայց քրդական շրջանում լիաբերան գովում էր յուր ռայայի գործունեությունը։ Արտաշի անվախության համբավը հասավ մինչև Մամոյի ականջը, որին Անթառամի հարազատ որդու այդքան արիաջանությունը մտածության առարկա դարձավ և չէր իմանում, թե ի՞նչ միջոցով մեռցնե նրա սրտի մեջ սնված այդ անվեհեր հոգին։

Ամիրխանենց հանդերը և ագարակները Մամոյի ձեռքն անցնելուց հետո այն բերքը չէին տալիս, տափերից էլ այն նախկին արդյունքը չէր ստացվում։ Պատճառը շատ պարզ էր. բրդերը վարուցանք անելու գլուխ չունեին, իսկ անտեր արտերում վարձու մշակների ցանած սերմերն էլ ճնճղուկներն ու մկներն էին ուտում։ Գործը այն աստիճանի էր հասել, որ Ամիրխանենց այնքան արտերի բերքը ոչ միայն բավականություն չէր տալիս բեգի բազմաթիվ ծառայողներին և ազգականներին, որոնց թիվը տարեցտարի բազմապատկվում էր, այլև գա՛վառի կողոպուտն էլ չբավելով, շատ անգամ Մամոն պարտավորված էր սայլեր, ջորիներ և էշեր ուղարկել հարևան նահանգները՝ փողով հաց գնելու։ Արտաշի ժրաջանությունը և