աշխատասիրությունը նկատելով, Մամոն նրա ձեռքից խլեց Հասոյի տված հովվական գավազանն ու հրացանը և քրոջ հետ իրենց ավերակ տան մի անդուռ սենյակում զետեղելով, Ամիրխանենց բոլոր հողերի վարուցանքը կատարելը նրան հանձնեց։ Արտաշը պարտավորված դեսից, դենից հայրական տան կողոպուտների մնացորդներից հավաքեց մի քանի լուծ գոմեշ, եզ, գութան, արոր, սայլ, շղթա, կաշի և կամաց-կամաց սկսեց մի կողմից աշնան վար անել, գութանի մաճը բռնել և արտերը հերկել գարնան ցանքի համար, մյուս կողմից՝ ուրագն ու կացինը ձեռքին տունը կտոր-փշուր տախտակներով ծածկել, պատրաստել և գարնան հերկի պատրաստություն տեսնել։
Մամոյի բարեկամների, ազգականների, ծանոթների թիվը օրեցօր աճում էր։ Ձեռքերը ծոցերին, նրանք անգործ ու անհոգ ուտում, խմում, պատռում, թափում էին և նրանցից ոչ ոքի մտքովն անգամ չէր անցնում, թե իրենց ձրիակերությամբ անելանելի կացության մեջ էին գցում բեգին։ Բայց ովքեր էին այդ ձրիակեր ազգականներն ու բարեկամները, ինքը Մամոն էլ չէր իմանում։ Առավոտ վաղ հարավից կամ արևելքից մի դերվիշ, մի շեյխ, մի յուլեմա (գիտնական), մի մոլլա կամ մի որևէ էվլիա (երանելի) գալիս էր հետի, կամ էշի վրա բազմած ու իջնում հռչակ ստացած հյուրասեր և կրոնասեր Մամոյի դռան առաջ։ Իսկույն ընդունարանի դռները բացվում էին և ընդունում բեգի ներկայության։ Հյուրը մեծարվելուց և կերակրվելուց հետո օրհնում էր, մաղթելով բեգին երկնքից ուժ ու կարողություն և է՛լ բարձր փառք։ Շատ էր ուրախանում բեգը, երբ որևիցե փողով կամ գույքով նպաստ տալով, ազատվում էր այդպիսի անկոչ աղոթողների ճանկից։ Շատ անգամ դրանք պահանջողական ձևով խնդրում էին, որ իրենց հովանավորե բեգը, մի վայելուչ պաշտոն տա և մի կտոր հացի արժանացնե։ Բեգը պարտավորված էր այդպիսի