Էջ:Collected works of Atrpet.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիմողների համար մի-մի պաշտոն, մի-մի աստիճան հնարելով զետեղել իրեն հովանավորությանը հանձնված գյուղերում։ Ամեն մի հայ գյուղում արդեն Մամոյի մինիատուր մի-մի փոքրիկ բեգ Էր գտնվում՝ թշվառ գյուղացիների օրապահիկ պատառները կտրելու։ Շատ անգամ Մամոն ստիպված էր լինում ամիսներով, տարիներով այսպիսի հյուրերին յուր տանը կերակրել, մինչև մի հարմարավոր պաշտոն բացվիլը։

Միայն իսլամական կրոնականների քողի տակ ծածկված հացկատակ տզրուկները չէին Մամոյի դուռը բախողները: Մեջ գիշերին կամ արևագալից քիչ առաջ հանկարծ մի ձիավոր իջնում էր Մամոյի հարեմի դռան առաջ և սաստիկ կերպով բախում այդ մահկանացուներին անմատչելի բնակության դուռը։ Ներքինի նեգրը, յուր կոչումից պարտավորված, վեր էր կենում յուր հազիվ տաքացրած անկողնից, քթի տակ հազար ու մի անեծք և նզովք կարդալով, բաց անում դուռը։ Հանկարծ ներս էր մտնում ձիավոր չերքեզը՝ սպիտակ սավաններում պատած զոհը գրկումը, ասելով. «Էս էլ գյավուր հնկոյի աղջիկը»։ Թեև բակը միշտ աղոտ լույսով էր լուսավորված, բայց ներքինին, աչքերը ճմռելով, տեսնում էր հրեշտականման գեղանի օրիորդի անմեղ տիպարը։ Շատ անգամ զոհը նվաղած էր լինում, գլուխը կախ գցած, սև ունքերի տակ երկար, սև-սև թարթիչներով աչքերը փակված, դեմքը սպիտակ մարմարի նման, տխուր և անշարժ։ Երկար և սաթի նման փայլուն մազերը սփռված սավանի վրա, իսկ կիսով չափ բաց, փղոսկրի նման ողորկ և փայլուն կուրծքը հազիվ նկատվելու չափ բարձրանում և իջնում էր։ Ներքինին կանչում էր աղախիններին, որոնք իսկույն առնում էին զոհը չերքեզի գրկից և տանում նրա համար վաղօրոք պատրաստված ննջարանը, իսկ առևանգողը դուրս գալով կանանոցի բակից մտնում էր հյուրանոցը, որտեղ սպասում էր մինչև իրենց խոստացած պաշտոնին հասնելը կամ որոշված գինը վճարելը։ Ահա մի հայր, մի լեռնական քուրդ, դուստրը առաջը գցած, յար ոտքով բերում է զոհը հարեմի զենման սեղանի վրա զոհելու: Քրդուհին ողջ ճանապարհին լացել է, սգացել է յուր