Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծպտյալների կողմը։ Նեղ մայթից առաջ գալիս հույնին դիմավորեց մի մոլլա, որին հույնը ճանապարհ չտվեց, չիջավ մայթից փողոց։ Անցորդ իսլամ-հոգևորականը, դիպչելով հույնին, կատաղեց և աղտեղի փողոցային հայհոյանքներով հրամայեց ռայային՝ ցած գալ մայթից և իր արբեցողի գարշահոտ շնչառությամբ, գինով ապականված փալասներով չապականել նրա անապական մարմինն ու հագուստը։

Հույնը թեև գինու ազդեցության տակ էր, բայց լինելով Արշիպելագի կղզիներից և ծովի ազատ որդիներից, չզիջեց, չուզեց լսել մոլլային։ Մոլլան չապականվելու համար անճարացած ինքն իջավ մայթից և սկսեց հրապարակապես գոռալ, գրգռել ու բորբոքել իսլամ ամբոխին գանգատվելով, որ անհավատը անարգել էր իր արժանապատվությունը։ Ծպտյալները անցքին ականատես լինելով, սուլթանը կրկին ետ դարձավ և պատշաճավոր նշանը տվեց իրեն հետևող ենիչերիներին, որոնք հույնին բռնեցին և քաշեքաշ հրելով ու ծեծելով՝ տարան Պալըգ-Խանե։ Այդտեղ ծովից դուրս բերված ձկան նման տարածեցին կղզեցուն կոճղի վրա և լայնբերան կացնով մարմնից գլուխն անջատեցին։

Դեռ հույնի գլուխը չէին վերցրել հատակից, դեռ նրա լեզուն բլբլում էր բերանում, և արյունը շատրվանի նման ցայտում էր վզից, երբ ծպտյալները հասան Պալըգ֊Խանեի նավամատույցը և նշան տվին, որ իրենց նավակը մոտենա։ Այդ միջոցին Ղալաթիայից նավակը ետ բերեց այն կոկլիկ և վայելուչ հագնված հայ երիտասարդին, որին պատահել էին առավոտը նույն նավամատույցի վրա։ Դարձյալ նույն կայտառ շարժումները, նույն քայլերը և նույն շռայլ ծախսը․ նա մենակ մի նավակ էր վարձել և ետ էր դառնում։ Կատաղությունից արյունով էին լցվել սուլթանի աչքերը, և նա կիրքը չկարողանալով զսպել, մոտ կանչեց երիտասարդին և զննելով նրա հագուստի երեսն ու աստառը, ներքինն ու արտաքինը, հրամայեց ոտքից սև կոշիկները հանել։ Այդ ժամանակ սովորություն էր Կ. Պոլսում հիմիկվա կրկնակոշիկի փոխարեն սև կոշիկներ հագնել և տուն մտնելիս այդ կոշիկները նախասենյակներում թողնելով, ներքին մաշիկներով ներս մտնել թանկագին