Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց անօգուտ, պետական հարկերը, (խարջերը, վաշխառուների պարտքերն ու նրանց տոկոսները բեգին ու պտղին տալուց հետո դարձյալ չարատանջ գյուղացիներին մնացել էր կալի երդոտ ու որոմոտ տկուցքը, որից աղված, շաղված ու թխված դառը հացը, աղած ու թթված բանջարների հետ ուտելով պիտի մարեին, պիտի մարմռեին և գալ տարվա ընթացքում իրենց վիճակը ավելի բարեփոխվելու հույսով անցկացնեին ողջ ձմեռը։

Արտաշի դրությունը թեև փոխվել էր, նա Հասոյի և Սոնայի նախատինքներից և տմարդի հրամանները կատարելուց ազատվել էր, գործում էր յուր խելքի ուժով, առանց ուրիշների միջամտության, բայց դարձյալ կենսական վիճակը անփոփոխ էր մնացել։ Նա ոչ գիշերը հանգիստ ուներ և ոչ ցերեկը դադարում, տաժանակիր դատապարտյալի նման աշխատում էր օրական տասնութ֊քսան ժամ։ Նույն վիճակումն էր և Աննմանը, օր֊գիշեր անդադար կթում էր, մակարդում, հարում, քամում, եփում, թափում, լվանում, գործում և պառկած ժամանակն էլ անընդհատ աշխատությունից, հոգնածությունից և ձեռքերի, մատների մորթու ճեղքվածքների ցավից ու կսկծից նվաղում, թմրում էր։ Այնքան աշխատանքից հետո այնպես թուլացած էին լինում, որ ոչ ուտելու ժամանակ էին գտնում և ոչ էլ իրենց հագուստի, կապուստի մասին մըտածում։ Ոտքի վրա թե կարողանում էին, մի բան ուտում էին, թե ոչ, քաղցած լինելը չէին էլ հիշում, չէին էլ զգում։

Արտաշի աշխատության արդյունքներից, պետական և հասարակական հարկերը տալուց հետո Մամոն սերմն էլ վերցնում էր և մնացորդը երեք բաժին անելով, երկուսը որպես կալվածատեր ինքն էր վեր առնում և մի երրորդը նրան թողնում, որպես աշխատության մաս։ Արտաշը այդ երրորդ մասից պիտի զինվորական, կալվածական, անասնական, արդյունաբերական և մաքսային հարկերը տար, պիտի վարձ տար յուր հոտաղներին, մշակներին, ծառայողներին և հովիվներին. դրանց պիտի կերակրեր, հագցներ, տարին տասներկու ամիս պիտի յուր կողմից հարկ տար բեգին, նրա ծառայողներին, տերտերին, քեհյային, պտղին, աղքատին, այրուն և