այլն։ Այն լիքը֊լիքը ամբարները, որ կալոցից հետո իսկույն լցվում էին և ժամանակավորապես ուրախացնում մատաղահաս մշակին, չանցած մի ամիս դատարկվում Էին, մինչև նոր ցանքն ուտելու էլ հաց չէր մնում, այնպես որ Արտաշը նոր ցանքին դարձյալ պարտավորված դիմում էր բեգին սերմացու խնդրելու։ Այդ Բոլորից հետո բեգը սարքել էր տվել նրա հյուրասենյակը ու պատահական հասարակ հյուրերին և անցնողներից շատերին ուղարկում էր նրա տունն իջևանելու և կերակրվելու..․
Արտաշը թեև ինքը միակ արու անհատն էր յուր տան, բայց չորս մարդու զինվորական հարկն էին պահանջում նրանից և առանց խոսեցնելու ստանում էին. մինը հորը համար, որը որպես խելագար կապկպված էր յուր շինել տված բանտում, Մամոյի սարայում, երկրորդը՝ հորեղբոր համար, որ վաղ ժամանակներից Կ. Պոլիս պանդխտության գնացած, ետ չէր դարձած և որի տեղը ոչ ոքի հայտնի չէր, մին էլ յուր կրտսեր մեռած եղբոր համար, որի անունը նեղություն չէին քաշում հարկապահանջները ջնջել ցուցակի միջից։ Նա վճարել էր երկու անգամ յուր հովվական տարիներում չվճարած հարկերը, բայց ստացականի մեջ պաշտոնականները միայն ներկա տարվա հարկը գրած լինելով, պարտավորվել էր երրորդ անգամ էլ տալու։
Անչափ էր Անթառամի փափագը յուր զավակներին տեսնելու, գգվելու և գրկվելու համար, բայց ներքինիին, հարեմի ծառայողներին և աղախիններին սաստիկ պատվիրված էր, որ լավ հսկեն, որպեսզի ո՛չ մայրը կարողանա հեռվից անգամ տեսնել յուր զավակներին և ո՛չ որդիքը՝ իրենց մորը։ Միևնույն գյուղի մեջ, իրարից մի հարյուր քայլ հեռավորությամբ, ապրում էին սարայի, կանանոցի բանտերում ծնողները, հայրենի ավերակներում՝ զավակները և իրար կարոտով տոչորվում, բայց հնար չէին կարողանում գտնել տեսնելու և հագեցնելու իրենց սրտի ջերմ ցանկությունները։ Միմիայն երբեմն-երբեմն