Էջ:Collected works of Atrpet.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երազներով այդ բաղձանքներին հասնում էին թշվառները, բայց կանանոցում Մամոյի ահարկու ձայնը, բանտապետի խրոխտալի աղաղակները, Սուլոյի, Հասոյի գյուղի մեջ գոռում-գոչյունները ընդհատում էին այդ երջանկալի ժամերը, սթափեցնելով քնից վշտաբեկ արարածներին․․․

Այդ հուսախաբ սթափությունից հետո կրկին սգի սև քողը պատում էր նրանց սրտին ու հոգուն և խորասուզում վշտի օվկիանոսում։ Բայց աննկարագրելի էր Անթառամի կսկիծը, նրա վշտի ահավորության չափը միայն կարող են երևակայել, ըմբռնել այն միակ որդեկորույս մայրերը, որոնց սիրասուն զավակները իրենց մատաղ հասակում ավարի են մատնվել և գերեվարվել անողորմ թշնամու ձեռքով հեռու աշխարհ։ Գորովասիրտ մայրը շատ հեռվից, ավելի երևակայությամբ, դիտում էր յուր դարաքաշ զավակներին, խուլ կերպով լսում էր նրանց վշտալի մրմունջներն ու ողբերը և ավելի բորբոքվում սրտի հատորների կարոտով։ Կարծես բավական չէր նրա ամենազգայուն սրտի համար յուր չարատանջ հարազատների տաժանելի վիճակը, բավական չէր սիրելիներից և սրտակիցներից անջատվելը և հարեմի պինդ որմերի մեջ բանտարկվելն ու մղկտալը, բավական չէր սիրելիների աղի արտասուքով աչքերը և արյունլվա վերքերը նկատելը, բավական չէր ամենայն օր անխիղճ բեռից կրած նախատինքները, նրա աղախինների, հարճերի և գերիների անարգանքներն ու արհամարհանքները, նրա համարյա թե ամեն օր լսելով նոր-նոր առևանգված և հարեմում գերեվարված փափկասուն և թուլասիրտ արարածների աղիողորմ վայն ու կոծը, ողբն ու աղաղակը, ցավից ու կսկծից մորմոքում էր և վշտի սաստկությունից խելաբժուժ եղած, հարբածի նման ընկնում էր յուր որջի մի անկյունը անշարժ և անզգա։


Թ

Անթառամը Մամոյի հարեմը գերի տարվելուց հետո թեև ամբողջ հինգ տարի էր անցել և ամեն մի տարին վշտաբեկ կնոջ համար դարից էլ ավելի էր երկարել, բայց նա Մամոյին