Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կին չէր դարձել, նա նրան չէր հանձնվել, քրդի բոլոր ջանքերը զուր էին անցել։ Ո՛չ աղերսանքը, ո՛չ սպառնալիքը, ո՛չ փաղաքշանքը, ո՛չ նախանձը, ո՛չ ատելությունն ո՛ւ արհամարհանքը և ոչ էլ ժամանակը չէին կարողացել ընկճել հաստատամիտ և համառ հայ կնոջը, նա՝ մատակ առյուծի նման, չէ՛ր հպատակվել իրեն հափշտակող դահճին, թեև վերջինս սպառնացել էր մինչև անգամ սրախողխող անել նրա ձագերին։ Հուսահատ ջինգյանան չէր իմանում, թե ինչպես յուրացներ խստասիրտ տիկնոջը, որի անհաղթելի կամքը և անզուսպ կիրքը բորբոքում էր յուր սիրտը և անվերջ մտածմունքների ու կասկածանքների մեջ գցում։ Նա վախենում էր դիպչել Անթառամի կյանքին, կասկածելով, որ չշինի թե նրա մահվանից հետո ժառանգները դատ բանան և խլեն յուր ձեռքից հափշտակած կայքերը, որոնք կազմում էին յուր հարստության ամենահիմնավոր և ամենաբեղմնավոր մասը։

Մամոյի անվերջ մտածմունքներին զարհուրելի երազներն էին հաջորդում, որոնք սաստկացնում էին Մամոյի երկյուղը, որի ազդեցության տակ նա մի օր գլխատել տվեց Քյալաշին, որին ամբողջ հինգ տարի իբրև խելագար տանջել էր նրա շինել տված բանտի խորքերում։ Քյալաշ քեհյան յուր բանտարկության օրից հետո առանց տեսնելու երկնքի լույսը, առանց կրկին անգամ գրկելու յուր զավակներին, առանց մի անգամ էլ դիտելու Ամիրխանենց այն ահավոր կայքերը, որոնք յուրացնելու համար այնքան նեղություններ էր քաշել, առանց կրկին անգամ ձեռք բերելու քեհյայության մտրակը, որի համար այդ օրին էր արժանացել, մտել էր խավարի անդառնալի պետության սահմանները՝ փնտրելու յուր կրքերին զոհված նահատակներին…

Ժ

Տարիները իրար ետևից գլորվում էին, բնությունը ինչպես յուր հարկը պահանջում էր հասածներից, այնպես էլ առատապես վճարում էր յուր տուրքը դեռահասներին։