Էջ:Collected works of Atrpet.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև անգամ շերի դատարանին, բայց որդին՝ Փրթոն, տասնևվեց տարեկան ժամանակը թողել էր մոր աղքատ ու խեղճ տնակը և փախել գնացել հոր սարայը։ Շռայլ և զեխ կյանքը, մետաքսի և ասվի խայտաճամուկ շորերը, ոսկեթելով զարդարված շեքմանն ու աբան գրավել, հափշտակել էին պատանու սիրտը, և նա մոռացած թշվառ մոր սերն ու գգվանքը, քաղցած քույրերին ու եղբայրներին, ամեն ջանք գործ էր դնում հոր սիրտը գրավելու։ Մամոն, որ յուր հարճերից և աղախիններից ծնված զավակների մեջ յուր տիպարը չգտնելով, խեղդել էր տալիս հարեմի նկուղներում ծնողների հետ միասին, Փրթոյին դռնից վռնդելու չափ անգութ չգտնվեցավ, որովհետև նա չէր էլ ուզում հասարակական խոսակցության և ատելության նյութ դառնալ յուր տմարդի ընթացքով, այդ պատճառով ուրախ դեմքով ընդունեց և նրա համար սարայում առանձին բաժին հատկացրեց։ Թեև երկար տարիներ իրարից հեռու ապրելով, հոր և որդու մեջ սառնասրտություն էր տիրում և նրանց հարաբերությունները միշտ կեղծ, շինծու բնույթ ունեին, բայց երկուսն էլ իրարից կախում ունենալով, իրար հետ զվարթերես էին տեսակցում։ Մամոն, որ աշխարհի երեսին և ոչ մի անկեղծ ու հարազատ բարեկամ չուներ, երբեմն հույս էր տածում, որ դեռահասորդին կարող էր նրան ջերմ սրտով պաշտպան կանգնել, կարեկցել և նեցուկ դառնալ զառամյալ օրերում։ Բայց այդ հույսը ցնդում էր, երբ մտածում էր, որ որդին ժառանգությունը և իշխանությունը հոր ձեռքից խլելու համար կարող էր նրան մի հարվածով կամ մի պտղունց թույնով քնեցնել, էլ չզարթնելու պայմանով։

Որդին, հիշել ով մոր քաշած անտանելի տանջանքները, աչքի առաջ բերելով այն սև օրերը, երբ մուրալով ձեռք բերած մի կտոր չոր հացը սառը ջրի մեջ թրջելով, դառն արտասուքը աչքերին, կերել էին մայր և որդի, անդադար հառաչելով, չէր կարողանում համոզվել, որ անկեղծ սրտով և հաստատ լինեին անգութ հոր շողոքորթ վարմունքները։ Եվ այս կեղծ հարաբերությունները շարունակվում էին, աշխատելով իրար անկեղծության վրա մեկմեկու խաբել։