վրա անդադար դատելը, գիշերն էլ անքուն երգելով ու երեվակայելով էր անցկացնում Ավագը։ Խեղճ պատանին, ականջները սրած, ամեն մի շշուկ, ամեն մի ձայն լսելիս պատրաստ էր դիմադրելու դժոխքից փախած ճիվաղին անգամ։ Քամին, ցուրտը, ցողը, եղյամը նա ուրախությամբ տանում էր և բուսն սիրո կրակով բորբոքված՝ չէր էլ զգում սրանց ազդեցությունը։ Աննմանի համար նա պատրաստ էր զոհվելու, նրա սիրո համար շատ աննշան էր համարում մի այդպիսի զոհը և համոզված լինելով յուր պաշտելուց կատարելապես սիրվելը, ինքն իրեն աշխարհի ամենաերջանիկ արարածն էր համարում։ Արշալույսին, արևագալից դեռ շատ վաղ, երբ դուռը բաց էր անում Աննմանը ոչխարը կթելու և հովիվներին ճանապարհ գցելու, նրա յուր պահապանի կողմը դարձրած մի քաղցր հայացքը, մի բերկրալի ժպիտը անվերջ ուրախությամբ էր լցնում Ավագի սիրտը, որը նույն տեսարանի նկարը անջինջ կերպով մտքումը տպավորած, հեռանում էր, դիմում յուր առօրյա գործին։
Այդ երեք շաբաթվա ընթացքում Ավագը յուր շներով երեք անգամ դիմադրել էր Փրթոյի և նրա լեռնական ընկերների հարձակումներին։ Այնպես ահագին աղմուկ էր բարձրացնում, որ ողջ գյուղը զարթնելով օգնության էր վազում, և չարամիտները թողնում, հեռանում էին։ Այդ հարձակումները ավելի ու ավելի սաստկացնում էին Արտաշի մտածությունները, և նա օրեցօր սոսկալի էր գտնում յուր թշվառ վփճակը։
Երկար մտատանջություններից հետո Արտաշն ու Ավագը գյուղի մեջ գտնվող իրենց քաջասիրտ ընկերների հետ խորհուրդ արին և որոշեցին, որ ամեն գիշեր քսանի չափ երիտասարդ հսկեն Ամիրխանենց տան շուրջը։ Որովհետ և երիտասարդներից շատերն էլ ունեին իրենց նշանածները, կամ հասած քույրերը, որոնց նույնպես սպառնում էին Մամոյի ծառաները, հովիվներն ու հոտաղները, այդ իսկ պատճառով