բոլորն էլ անկեղծ կերպով միացան և հանձն առին իրար համար ամեն տեսակ զոհողություններ կատարել։ Մամոն, թեև ամեն մի տան ծակ ու ճեղը ման գալով, բոլոր զենքերը հավաքել էր տվել, բայց արի երիտասարդներից շատերը իրենց ղամաները (դաշույն), կեռ թրերը և ղարաբինաները կարողացել էին թաքցնել, որոնցով զինվում էին հերթապահ գիշերները։
Այս գիշերային հսկողությունները շատ զայրացրին Փրթոյին և ընկերներին, որոնք հանգամանքներն իմացրին Մամոյին։ Սա սաստիկ կերպով կատաղեց և երկյուղից չէր իմանում, թե նրանց ինչպես դիմադրեր։ Ամեն օր, Մամոն կանչում էր յուր մոտ Տեր-Մելիքսեթին և պատվիրում, որ գնա, գյուղացիներին քարոզե, որ ով որ զենք ունի, տանե բեգին հանձնե, սպառնալով, որ հակառակ գտնվողը կբանտարկվի և նրա ինչքը կգրավվի։ Իսկ Սուլոն և ընկերները առավոտից մինչև իրիկուն այս տունն ու այն տունը մտնելով, բոլոր կահ-կարասիները քանդում, տակնուվրա էին անում՝ զենք փնտրելու պատրվակով, և աչքերն ընկած առարկաները հափշտակելով, հեռանում։
Մի քանի անհաջող հարձակումները սաստկացրին Մամոյի երկյուղը, որն անդադար նախատում էր, հայհոյում անշնորհք ծառաներին և որդուն։ Այս անհաջողություններին հաջորդեց մի էլ զարհուրելի լուր, որը թեմրանցիք միայն իրար ականջի մեջ էին փսրտում, թե.
— Մինաս քեհյան, որ Արզրումի միջնաբերդի բանտից փախչելուց հետո Ղարս էր գնացել, լոռեցի մի քանի տասնյակ երիտասարդների հետ եկել, անցել է Դերսիմ։ Այս լուրը մեռելային սարսուռ գցեց Մամոյի սրտում։ Բավական մտատանջվելուց հետո Մամոն գնաց Քղի, յուր բարեկամ ղայմաղամի մոտ և նրա հետ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ շատացնեն զապթիեների թիվը։ Վալիին հարկ եղած զեկուցումը գրելուց հետո անմիջապես վերադարձավ Թեմրան և շրջակա քրդերից քսանի չափ երիտասարդներ զինեց մարտինի հրացաններով, հանձնեց որդուն, որպեսզի