Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տերտե՛ր, տերտե՛ր, այդ խոսքերն ինձ ասիր, ուրիշին չասես,— ետևիցն ասաց Արտաշը,— ուրիշ տեղ բերանդ չբանաս, թե չէ գլուխդ մի հարվածով կթռցնեմ։

Տերտերը սաստիկ էլ վախկոտ էր, Արտաշից սոսկում էր։ Սա մնացել էր երկու կրակի մեջ, բեգը մի կողմից, Արտաշը՝ մյուս կողմից նրան սպառնալիք էին կարդում։ էլի բեգի ճիրաններից մի կերպ ազատվելու հույս ուներ, բայց Արտաշը անողորմաբար կիրագործեր ասածը, եթե տերտերը հանդգներ նրան հակառակ գործել։

Ե

Կիրակի իրիկուն դհոլն ու զուռնան փչում էր Ամիրխանենց դռնից, և ձայնը տարածվում ողջ դաշտն ու սարերը։ Թեմրանը ուրախության մեջ էր։ Հարս, աղջիկ բոլորն իրենց տոն օրերի կարմիր ու կանաչ շորերը հագած, զուգված, զարդարված, դիմում էին Աննմանի և Անահիտի հարսնետունը։ Գեր երինջը մորթվել էր, հարիսայի պղինձը կալում կրակի վրա դրվել, ոչխարները քերթում էին ջահելները, հարսները բրինձ էին իստակում, պառավները փլավի պատրաստություն տեսնում։ Երկու հարսանիքն էլ մի տան մեջ էին կատարում, երկու ծախս միացրել էին։

Արևը մայր մտնելու պահին, արդեն հարյուրից ավելի հարս, աղջիկ, տղա, մոռացած իրենց դառը տանջանքները, ձեռք֊ձեռքի տված, յայլի էին պարում, դհոլն ու զուռնեն նրանց ոգևորած, թռցնում էին։ Ամենքն էլ, միառժամանակ իրենց վիշտը մոռացած, ուրախ ցատկոտում էին նվագածուների եղանակների բախումներով։ Ամեն մի սիրահար ուզում էր ավելի կայտառ և եռանդուն երևալ յուր սիրեկանի առաջ, ամեն մի սիրեկան յուր սիրահարով էր զբաղված այդ ժամում և մեկը մյուսի սիրտը գոհացնելու և բավականացնելու համար պատրաստ էր ամեն բան անելու։

Արաղն ու գինին, ծերերի բաժինը, անխնա բաժանվում էին հյուրերի սենյակում հասակավորներին, որոնք անուշ էին