Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անում՝ օրհնելով իրենց մատաղահաս սերունդը և իրար գովելով։ Ներս ու դուրս վառված կրակներն ու ձեթի ճրագները կազմում էին նրանց ճրագները, որի ճառագայթները սփռվել էին գյուղի ամեն կողմը և ծակում քրդերի սիրտը։ Իսկ տերտերը չէր երևում, թեև երեք-չորս մարդ գնացել էին նրա ետևից, և այդ բանը մեծ անհանգստություն էր պատճառում գյուղական ծերուկներին։

Մի քանի անգամ ծերերը արդեն իրենց կողմից էին մարդ ուղարկել տերտերի ետևից, իսկ գնացողները ետ էին դարձել, հայտնել, որ տանը չէ, չեն գտել։ Սկզբում կարծում էին, որ նա շուտով կգա, մի կողմից կերևա, բայց ժամերն անցնում էին ու չէր երևում։ Կասկածներն աստիճանաբար սաստկանում էին, առանց այն էլ գյուղացին լավ համարում չուներ յուր ստորաքարշ տերտերի վրա։

— Ո՞ւր մնաց, ախր, այսպես իրիկուն, հանդեսի ու հարսանիքի մեջ չերևալ կվայելե՞ մի հոգևորականի։ Որտեղ կլինի։ Ո՞ւմ տունն է։ Ու՞ր մնաց։ Ու՞ր է գնացել։ Այսպիսի զանազան հարցեր էին տալիս ծերունիները իրար, քիչ-քիչ գլուխները արաղով տաքացնելով։

— Իրիկվան դեմ ժամի դռանը մեզ հետ էր,— ասաց մինը։

— Ես տեսա, ժամից տուն գնաց,— ասաց մյուսը։

— Ես տեսա, տնից դուրս եկավ, կարծեցի, թե այստեղ կգա։

— Նա անպատճառ բեգի քով գնացած կլինի։

Զ

Տերտերին նույն իրիկունը յուր մոտ էր կանչել դարձյալ Մամո բեգը։ Արդեն վաղ մոլորվել, մնացել էր ավետարանի անարժան սպասավորը։ Ո՛չ քաջություն ուներ, որ անհավատ,անագորույն բեգի առաջ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպաներ և պարտականությունը կատարելու համար մինչև անգամ անձը զոհելու պատրաստ լիներ, ո՛չ էլ