Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապարանքի բոցերի մեջ մտնող ամբոխն սկսեց ավերել Մամոյի կայքը, ազատել թշվառ հարճերին գերությունից, քանդել արդեն բոցերի մեջ կոլոլված դղյակը։

Արդեն արշալույսը շողշողում Էր արևելքում, խավարն ու աղջամուղջը հետզհետե տեղի Էին տալիս լույսին, կործանվել Էր Մամոյի ապարանքը, և դադարել Էին սոսկալի բոցերը, մոխրակույտը թողնելով իրենց հետքից, երբ ներքին բանտից դողդողալով դուրս եկավ Անթառամը և որդու դիակի շուրջը խռնված ամբոխի մեջ մտնելով, փռվեց Արտաշեսի մարմնի վրա, հեկեկաց, համբուրեց ու մրմնջաց․

— Դու քավեցիր հորդ մեղքը քու կյանքովը, որդի՛, դու ազատեցիր ինձ և քու սիրելի քրոջը անօրեն Մամոյի ճիրաններից։ Ես քու մահը չեմ սգալու, այլ պիտի թաղեմ կրծքիս մեջ սրտիս կսկիծը ու պիտի գնամ ալ ու կանաչ հագնիմ, որպեսզի ինձ տեսնեն ու քեզ նման որդիք շատ ծնեն հայ մայրերը։

1898 թ․