Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տղա՛, խելռա՞ր, ի՞նչ է, էդ ամենը էսօ՞ր միտքդ ընկավ։

— Չէ՛, Է՛լ կեցողը չեմ, թե գեղը մնամ, իմ գլխիս մի փորձանք կբերեմ։ էսօր մղդսի Կյուրեղը ետևիցս գոռում էր. կեցի՛ր հալբաթ հաց ուզելու կգաս, թե գրոշ հախ ստացար, պարծեցիր։ էս անձրևին, քամուն ես հոգիս բերանս առած նրանց նախիրը ամենալավ տեղերը տանեմ արածեցնեմ, օգուտս ի՞նչ… — Օսմանցուի մարդիկն էլ հողից չե՞ն, այնտեղ նոքար, այստեղ նոքար, քեզ փաշայություն խո չե՞ն տալ։

— Ես նոքար էլ չեմ դառնալ…

— էդ էն օսմանլին չէ՞, որ հորդ կախեց։

— Թե ձեռքներն ընկնեմ՝ թո՛ղ կախեն, կախվելը չոբանությունից գեշ խո չէ՞, մի անգամ մեռնել պրծնել…

— Լա՛վ, լա՛վ, էլի իծանդ եկել են։ Այդտեղ թարաքը գաթա եմ դրել, ինձ փայ տվին Մղդսենք, չկերա, վեր առ կեր ու գնա գործիդ։

— էդ ի՞նչ գաթա է։

— Ես գիտե՞մ, խնամախոս պիտ էրթան, ի՜նչ է։

— Խնամախո՞ս… էդ ի՞նչ խնամախոս է…

— Ես գիտե՞մ,— ասաց Սոնան և հազիվ տաքացրած տեղից գլուխը բարձրացրեց նստավ։— Տղա՛, դուռը վրա դիր, օ՜ֆ, ինչ ցուրտ է, դողոցս բռնեց։

— Հալբաթ ի՞նչ խնամախոս է։

― Գիտե՞մ, ինձ կասե՞ն… Գիտես թե՝ էգուց միտք ունեն Գալո քեհյի տուն երթալ…

— Գալո քեհյի՜ …

— Հա՛, օղուլ, Գալո քեհյի,— կրկնեց պառավը խորհրրդավոր ձև տալով խոսակցությանը և սրտի խորքից հառաչեց։ Բավական լռություն տիրեց, և երկուսն էլ խոր մտածության մեջ ընկան։ Վերջապես հարցրեց Եղիկը.

— Ղոնաղ խո չունե՞ր գիշերս մղդսին։

— Չէ՛։

— Ախպրտանքը, տղերքը, ամենը տո՞ւնն էին։