Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քուլլի։—Մի քիչ լռությունից հետո ասաց կրկին Եղիկը։

— Ազի՛, ես գիշերս կերթամ, էգուց թե քեզ բան հարցնելու կլինին, ասա՝ խաբար չեմ։

— Տղա, ո՞ւր… ինձ ո՞ւր ես թողնում…

— Մի ամիս էլ կեցիր, քեզ այնպես տեղ տանիմ, որ էլ սրա-նրա դուռը չծառայես, ուրիշները քեզ ծառայեն…

— Որդի՛, ես բան չեմ ուզեր, դու լավ եղիր, դու ազատվիր էդ անօրենների ձեռքից, ինձ բան հարկավոր չէ… մղդսի Կյուրեղի տունը ավիրվի, ինչպես նա ավերել տվեց քո հոր տունը, Ահմեդ փաշային կաշառելով, սուտումուտ, զուրումուր քսելով քո հոր վրա։ Տուն էլ ունեի, ծառա էլ ունեի, տունս բարի էլ, կարողություն էլ կար։— Է՜յ, որդի՛, մոռացիր էդ դատարկ բաները, գլուխդ քաշ գցի, հախըդ կստանաս, քեհչեն խոստացել է, որ քեզ վարուցանքի հող տա, բալքի հորդ տներն էլ ազատես պարտատիրոջ ձեռքից…

— Թո՛ղ էդ քարոզներդ, ես քեզ ինչ որ ասացի՝ լավ միտքդ պահիր։

— Տղա՛, ես կխելռիմ, ես կմեռնիմ առանց քեզ…

— Ես էլ կխելռիմ, եթե էլի գլուխս կախած մղդսի Կյուրեղի մալերը արածելու տանիմ տարին տասներկու ամիս, առանց հախի սարերում, ձորերում մի չոր հացով փորս կշտացնեմ և թողնեմ, որ մղդսու դնդըշած տղեն երթա նշանածս ձեռքիցս խլե՞…

— Երազներ մի՛ տեսնի, Գալո քեհյեն քեզ աղջիկ չի տալ, զուր տեղը դուշմաններդ մի՛ շատացնիլ։ Տուն չունիս, տեղ չունիս, երկնքի տակ չոր գլխիցդ ջոկ բան չունիս, կուզես Գալո քեհյի աղջիկը հա՞րս բերես։

— Հա՛, եթե իմ տասնևութ տարվան հախը չուտեին, ինձ հասանելիքը եթե այսօր բերեին, համրեին, ես էլ կդառնայի մեկ համփա, մղդսի, ես էլ կունենայի նախիր, իլխի, լավ մատակներ.․․ Հորս փաշայի ձեռքից ազատելու համար Ավագ ամին հիսուն մանեթ է տվել (հազար ղուրուշ), տներիս տիրացել է… Քանի՜ -քանի՜ հիսուն ռուբլի պիտի խարջես, որ այնպես տներ շինես։