Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրանում, բարձունքում մնացած հատուկտոր ամպերի հետ միապաղաղվում և ծածկում Ոսկե-Գլուխ Ղզլ–Թեփե դիցուհու հանգստավայրը մահկանացուների աչքերից։ Արեգակի անդրանիկ ճառագայթների մի մասը այդ ամպերի վրա կոտրվելով ետ էին դառնում ցոլալով, մյուս մասը կողքերից շահելով ընկնում էր լեռան գագաթին ու լանջքերին, որի վրայի մանուշակագույն, դալար խոտերը իրենց վճիտ ցողիկներով պսպղում էին թավիշի նման։ Եղիկը հանդարտ քայլերով քշում էր նժույգը և նախիրից ջոկած տասը կովերը։ Ինչպես նժույգը, նույնպես և ինքը պարտավորվել էին կովերի քայլով գնալու և այդ դանդաղկոտ ընթացքը զանազան տխուր մտքեր էր առաջացնում կլապիտոնով զարդարված հովվին։

— Որքան հիմարություն արի,– ասում էր Եղիկը մտքումը,— շորերս ինչի՞ թողի դնդրոշի սնդուկում, այս հալավը կարող է կասկածներ ծնեցնել թարաքյամաների մեջ, քանի որ լեն ու երկար է ինձ համար։

Քանի առաջ էր գնում, այնքան սաստկանում էին կասկածներն ու երկյուղը, որոնք ստիպում էին նրան լեռնային ճանապարհներով, բնակություններից հեռու շարունակել յուր ընթացքը։ Որքան աշխատում էր խույս տալ այդ մտքերից, ուրիշ բանի մասին մտածել, հնար չէր լինում։

— Հիմար մեծսրտություն,– ասում էր ինքն իրեն,– Մուքեին և մղդսի Կյուրեղին տրաքացնելու համար շորերս թողի նրա սնդուկում, այն շորերը, որոնք ամեն ժամանակ ինձ հարկավոր են։

Երբեմն մտածում էր թողնել կովերին սարի գլուխը, քշել էին, դիմել դեպի Արդահան, Օլթի, բայց ափսոսում էր, նա մանավանդ, որ փողի կարիք էր զգում, Ասլիի համար զարդարանք էր գնելու, տուն էր վարձելու և տեղ էր պատրաստելու յուր ապագա ամուսնու համար։ Մտատանջության մեջ խորասուզված, առաջ էր գնում մեքենաբար և չէր էլ զգում ինչ էր կատարվում շուրջը։ Այդ միջոցին հեռվից երևցավ ցնոտիների մեջ փաթաթված մի չարչի, որը վազելով դիմում էր Եղիկին՝ թևի տակ մի փոքրիկ կապոցով։ Նրան հալածող