Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո, որ մի գիշեր մի աղա հյուր ունեցա իմ տանը, այսպիսի ընտիր նժույգով։

— Քեզ փեշքեշ, Հաջի աղա,— ասաց վեհանձնությամբ չարչին, տուն մտնելով Լեմեդի հետ։

— Տիրոջը փեշքեշ ինձանից էլ, բարով վայելես։

Երեկոյան երկար խոսակցությունից և ընթրիքից հետո փորձի համար ասաց Քոռ-Լեմեդը․

— Միրզա աղա (այսպես Էր կոչվում չարչին), արի մեզ ծախիր կովերը, ինչի՞ ես գնում Ուրթա, կուզես փող կտանք, կուզես ջահիլ մալ կտանք։

— Հաջի աղա, դու մեզ այնպես սիրով ընդունեցիր ու պարտավորեցրիր, որ բոլորը քեզ փեշքեշ որ անենք, կորուստ չենք ունենալ, բայց ինչպես ասի, մեզ ջահիլ մալ է պետք, թե ունիք, փոխենք։

— Ինչի՞ չէ, առավոտ բարի լուսուն ես խաբար կանեմ տղերքին, որ մեր մալը բերեն գյուղ. ջոկենք, նրանց էլ գին գնենք, սրանց էլ, և ապա առուտուրներս գլուխ բերենք։ Եթե համաձայնիք, էլի գնացեք Ուրթա։

— Լա՛վ, լա՛վ,— ասաց կիսաբերան չարչի Միրզան և խոսքը կտրեց այնպես, որ լռություն տիրեց։ Եղիկը չէր սխալվել չարչիին ընկեր վեր առնելով, ինքը ոչ առևտուր արած ուներ, և ո՛չ էլ մարդու շարք նսաած ելած։ Միրզան Բիթլիսի սնանկացած բազիրգյաններից էր. նա գիտեր ամեն մարդու դամարը գտնել և նրա համաձայն շարժվել։ Ապրանքը թանկ ծախելու համար այնպիսի դիրք բռնեց և այնքա՜ն ճարպիկ շարժվեց, որ Քոռ-Հեմեդը շվարեցավ. և նա, որ մինչև այդ ժամանակ գողածուն ապրանք էր համարում կովերը, սկսեց տարակուսել։ Այնինչ Հեմեդը բոլորովին միտք չուներ դրանք գնել, նա փորձեր էր անում ձիու մասին հարց առաջարկելու և եթե ձին էլ գողացված ապրանք չլիներ, դժվար կլիներ գնել։ Հյուրասիրական օրենքների դեմ չէր կարող մեղանչել, նամանավանդ որ կարող էր բոլորովին պատվից ընկնել։ Երկար լուռումունջ ծխելուց և գյուղական հյուրերը ճանապարհ գնելուց հետո Հեմեդը կրկին խզեց լռությունը և ասաց.

— Միրզա աղա, չի՞ կարելի, որ մեր արաբական մադյանի