Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա քաշենք առավոտ ձեր ֆարաշը, ձեզ մի լավ խալի ձիու ղուլ փեշքեշ կտամ։

— Հաջի աղա, ֆարաշը քեզ փեշքեշ, բայց եթե էգուց ճանապարհ չգնայի, իմ կողմից արգելք չէր լինիր։

— Ողջ կարողությունս կզոհեի այդպիսի մի ընտիր ձի ունենալու համար, կառաջարկեի ծախել բայց դա, որ կա, մուրազ է, դուք բարով վայելեք։

— Ես առևտրական մարդ եմ, կծախեի այդ ձին քեզ, բայց տանը մի փոքր նշանած եղբայր ունիմ, որ ջիրիդ խաղացող է, հետո նրա ձեռքից չեմ ազատվիլ։

— Նա ձեր առաջ բան չի կարող խոսել,- մեջ մտավ Եղիկը եթե դուք կամենաք…

— Բայց այնպես պիտի գործ բռնե մեծ եղբայրը, որ յուր փոքրերի սիրտը չցավեցնե։ Այս ձիու մայրն էլ, հայրն էլ մեր ախոռումն են, ամեն տարի մի-մի թայ տալիս են. տանը մի կա սրանից մի տարի փոքր, բայց սա նրա անունովն է։

— Որ այդպես է, աղա, ծախիր ինձ այդ քյահլանը, քո շնորհիվ մեր տանն էլ մի այդպիսի զարդ ունենանք։

— Ախր ծախեմ, բայց էգուց ես ինչպե՞ս ետ երթամ…

— Քեզ փեշքյաշ, մեր ախոռում տասներկու ձի կա, ընտրի՛ր, որը կամենաս։

Եղիկը կատաղում էր սրանց երկար ու ձիգ խոսակցություններից և յուր միսն էր ուտում, նկատելով, որ Հեմեդը ամեն ջանք գործ էր դնում մի կերպ իրենց ձին խլելու։

Առավոտյան վաղ վեր կացան և երկար բանակցություններից հետո նժույգի և տասը կովի տեղ վեց մոզիկ, չորս աչառ, երկու ձի և մեկ էլ մի մեջիդիե ոսկի ստացան, լավ նախաճաշ արին, մի կարպետ և երկու խալի ձիու չուլ փեշքյաշ թարքները կապեցին ու դիմեցին դեպի Ղարս։

— Շան որդին լավ կապերս քաշեց,- ասաց Եղիկը ճանապարհ ընկնելով։

— Հյուքյումաթը իրենցն է,— պատասխանեց Միրզան։