Քոռ-Հեմեդի տանից բերած ապրանքը Միրզան աներկյուղ բազարում ծախելուց հետո քսան մեջիդիե ոսկու չափ փող հանձնեց Եղիկին, որը առատությամբ տասը ոսկի բաժին տվեց չարչի Միրզային: Եղիկը Ասլիի ճակատի համար քառասուն ղազի գնեց, թանկագին շորեր առավ և Միրզայի ընտանիքով վեր առնելով Ղարսից, դիմեցին դեպի Ծբնի, տանելով իրենց հետ զանազան բազազի ու էթարի ապրանքները: Գյուղում մի հարմարավոր տուն վարձելուց հետո չարչին սկսեց յուր առուտուրը: Եղիկին տիրել էին մտածմունքները, երկու օր հետո նա անպատճառ լինելու էր յուր Ասլիի մոտ, իսկ նա դեռ պատրաստություն չէր տեսել:
— Գիտե՞ս ինչ կա, — ասաց Եղիկը Միրզային, — ես կիրակի կամ երկուշաբթի գիշեր կմտնեմ գյուղ, այնպես պիտի անեք, որ իսկույն գիշերը դուռը բանաք, և գյուղացիք բան չհասկանան: Դեռ ավելի լավ է ես գիշերը կբերեմ նրան մինչև յառի տակը, դու Գյուլնազի հետ արի, այնտեղից Գյուլնազը (Միրզայի կինը) թող նրան տուն տանե, մենք կերթանք մեկ-երկու օր ուրիշ գյուղեր կպտտինք առուտուրի ու հետո օրը ցերեկով կմտնենք գյուղ, այնպես որ մարդ բան չհասկանա:
— Լա՛վ, աղբեր, ինչպես որ կուզես, մենք քո ծառան ենք:
— Ւնձ ծառա պետք չէ, ես ընկերի կարոտ եմ, Եղիկը, միայն խանջարով ու թվանքով զինված, ճանապարհ ընկավ, անցավ Շիրակը և ուղղվեց դեպի Աղբաբա: Իրիկվան մթանը նա մի քարափի տակ իջավ, թվանքը և խանջարը զգուշությամբ պահեց, ուղղեց քայլերը դարձյալ Կամարվան ու գնաց իջավ Քոռ-Հեմէդի տանը։ Տանտերը թեև տանը չէր, բայց որդիքը նրան սիրով ընդունեցին, որպես իրենց բարեկամի ծառային։
— Աղայիս արծաթե մուշտուկը այստեղ խո չէ՞ մնացել, – հարցրեց Եղիկը միամիտ դեմք ընդունելով։
— Ոչ, մենք չենք տեսել – ասացին։
Երբ իրիկվա հացը կերան պրծան, ելավ պատրաստություն տեսավ Եղիկը ճանապարհ ընկնելու: