- Ու՞ր, ու՞ր ես գնում,— ձայն տվին ամեն կողմից,— գիշերս կաց, առավոտ կգնաս։
— «Շուտով ետ դարձիր», հրամայեց ինձ աղաս, գնամ, թե չէ խոսք կգա վրաս։ Հախով ծառայող մարդու վիճակը հո գիտե՞ք։
— Մենք քեզ չենք թողնիլ,— ամեն կողմից մեջ մտան, — այս գիշեր ժամանակ հազար ու մի շուն ու գել կա, կարող է փորձանք պատահել, հետո մենք չենք ազատվիլ մեր հոր ձեռքից։ Մեր հյուրն ես մինչև առավոտ, լուսուն բարի ճանապարհ, ուր կուզես գնա՛։
Այս միջոցով բոլորովին ապահովեցրեց Քոռ-Հեմեդի տանեցվոց, որոնք տեղ շինեցին և հանգիստ քնեցան։ Բայց Եղիկը, թեև սաստիկ հոգնած էր՝ վաթսուն վերստ ճանապարհ ոտքով էր եկել այդ օրը, անկողնում չկարողացավ հանգստանալ։ Նա մտածում Էր Ասլիի մասին, մտածում իրեն կողոպտողներից վրեժը լուծելու մասին։
Մեջ գիշերին նա վեր կացավ, ներսեներս ախոռից զգուշությամբ դուրս քաշեց ֆարաշը առանց թամքի, միայն մի համետով և առանց ուշադրություն դարձնելու սլացավ դեպի այն քարափը, որտեղ պահել էր զենքերը։ Նժույգը դեռ չհասած ապառաժի տակը, համառեց, կանգնեց և չէր ուզում առաջ գնալ։ Եղիկը իջավ ձիուց, քաշեց յուր ետևից, մի կերպով առաջ գնաց, մոտեցավ այն քարքարուտին, որտեղ թաքցված էր հրացանն ու խանջարը։ Գիշերը սոսկալի կերպով մութն էր, և Եղիկը անդադար զարկվում էր այս ու այն ժայռի կտորներին։ Հանկարծ նրան շրջապատեցին երկու կողմից երեք հոգի և փտովները կրակեցին։ Նժույգը կատաղած քաշեց յուր համետը թուլացած ձեռքից, ետ փախավ։ Հարձակվողները պինդ կապեցին Եղիկին ու ընկան նժույգի ետևից, որն ուղղակի ճանապարհ ընկավ դեպի Ղարաքիլիսա, յուր տանտիրոջ մոտ։ Մթնումը նրա հետքը կորցրին թուրքերը, վերադարձան, քիչ թուլացրին Եղիկի կապերը և առաջները խառնած ճանապարհ ընկան դեպի Հաջի Վելի Մեդեդ բեգի բնակարանը։ Մեդեդ բեգի մարդիկը Շյորագյալում հեռվից տեսած լինելով օտարական հրացաններով Եղիկին, կասկածել էին և նրա հետքից