կազդուրվել էր։ Երեկոյան մի կարպետ և մի կտոր թաղիք բերել, գցել էր նրա տակը և յուր քյավալով (ոչխարի մորթուց մուշտակ) ծածկել նրան, քրտնեցրել էր բարեսիրտ բանտապետը։ Այդ գիշերը նրա ձեռքերը և վիզը չէր շղթայել, միայն ոտքերի շղթայով էր թողել Եղիկին։ Ինքը՝ բանտապետը, մինչև կեսգիշեր հսկելուց հետո հոգնած, դադրած ընկել, քնել էր գոմի սյաքյուն (գոմի մեջ տախտակով կապած վերին հարկ)։
Եղիկը մեջ գիշերից հետո բավական կազդուրված լինելով վեր կացավ, նստեց անկողնում, չորս բոլորը քննեց, հազաց, խորխեց և բոլոր ընկերներին ու բանտապետին խոր քնի մեջ գտավ։ Նա մի քիչ մտածելուց հետո յուր ծրագիրը կազմեց։ Տասնևհինգ օրվա ընթացքում նա լավ էր ուսումնասիրե, Մեդեդ բեգի տունը։ Զգուշությամբ ձեռքերը, ոտքերը տարավ և սկսեց փորձել մի կերպ շղթաներից ազատվելու։ Նրա սրունքները շատ բարակ էին, ոտքերը մանր, դրա համար էլ որքան որ փոքր շղթաներ էին ջոկել նրա համար, դարձյալ լայն և ազատ լինելով, դարբնին կանչել փոքրացրել էին տվել, բայց դարբինը նորից ծակ չբանալու, այդ սոխրա (անվարձ) գործը գլխից մի կերպ ռադ անելու համար մի քանի մուրճի հարվածներով նեղացրել, բայց երկարացրել ու զարկել էր Եղիկի ոտքերը։ Բանտապետը՝ Եղիկի նիհար, վտիտ ու թույլ կազմվածքը աչքի առաջ ունենալով, բավականացել էր, վստահ լինելով, որ գյավուրը փախչելու փորձ երբեք չի անիր:
Եղիկը մի քանի անգամ սրունքների շղթայի երկաթե օղերը քաշելուց հետո բավական լայնացրեց և ձախ ոտքը լավ թքոտելուց հետո բավական չարչարվեց և դուրս հանեց։ Այս աշխատությունը նրան քրտնեցրեց, և նա ուժասպառ մի քիչ տարածվեց կազդուրվելու։ Բայց ուրախությունից նա այնքան ոգևորվել էր, որ էլ երկար չսպասեց, մի կերպ մյուսն էլ դուրս հանեց։ Բանտի դուռը ներսից-դրսից հաստ երկաթե կողպեքներով փակված էր. պահապանները, Մեդեդ բեգի դռան ծառաները շնից շատ էին, հույս չկար բակերից անցնելու. պետք էր շտապել անմիջապես ճանապարհ ընկնել։ Եղիկը յուր թևի ու ոտքերի շղթաները շալակած, ճանկռտելով պատից բարձրացավ