ձին նստավ, ճանապարհ ընկավ դեպի հյուսիս, դեպի յուր տերը Ասլին, որը մագնիսի նման քաշում էր Եղիկի խելքը, միտքը, սիրտն ու հոգին։
Եղիկի՝ մղդսի Կյուրեղենց տանից ֆարաշը, զենքերն ու չորերը փախցրած առավոտը Ասլիին երազող դնդրոշ Մուքեն վաղ վեր կացավ, քանդեց ֆարաշի ոտքից բխովը, չվանի կաղը, շորերը հագավ, մտավ ախոռը խոտ տալու յուր նժույգին։ Ահագին խուրձը գրկած մոտեցավ Մուքեն՝ «ֆարաշ ջան, քյոհլանս» կրկնելով և մսուրքում զետեղելուց հետո երբ ձին չգտավ, մնաց ապշած։ Բխովու չվանը քաշեց և երբ նկատեց, որ ալ ձիու ոտքն էր զարկած, իսկույն կասկածեց և կանչեց․
— Մղդսի՛ ապեր, Մատո՛ ամի, Պետո՛ ամի, Սեթո՛, Համո՛, Կարո՛։
— Է՜յ, ի՞նչ է, ի՞նչ ես ղալմաղալ գցել, չես թողնում քնենք,— ասաց Սեթոն պառկած տեղից.—ի՞նչ ես դիվահարի նման մեջ գիշերին վեր կացել ու մարդու անուշ քունը հարամ սնում։
— Տո՛, տղա, ե՛լ, տո՛, ու՞ր է ֆարաշը։
— Ինչ ես հիմար-հիմար դուրս տալի…
— Մղդսի ապեր, քյոհլանս չկա…
Իսկույն թափվեցին, քրքրեցին, դռները բացին և նկատեցին ձիու քայլերի հետքերը։ Արշալույսը արդեն բացվել էր, ղալմաղալն ընկավ տունը, պառավները վեր կացան, հարսները շորերը հագնվեցան, ծծկեր երեխաների ձայնն ընկավ, կովերն սկսեցին բառաչել, հորթերն արձագանք տվին իրենց վայրերին, նախրչիները թափվեցան, և աղմուկը սկսեց սաստկանալ։
— Տո՛, տղա՛, վազեցե՛ք, այս իզով գնացեք,— գոռում էր մղդսի Կյուրեղը, ցույց տալով ձիու սմբակի տեղերը յուր եղբայրներին և որդիներին…
— Աղջի Սանդո, աբես բե՛ր,— գոռում էր Մատո ամին յուր կնոջը։