Էջ:Collected works of Atrpet.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Տո՛, տղա է Պետո, չարըխներդ հագի՛ր, այնպե՛ս գնա,− գոռում էր պառավ տատը յուր փոքր որդուն։

− Հավա՜ր, հասե՜ք, է՛ս կողմն արեք,− գոռում, կանչում էին ամեն կողմից, և այդ ձայնը միախառնվելով անթիվ անասունների բառաչների, մայողների, կտկտոցների և խրխինջների հետ, կազմում էր մի գյուղական մուզիկա, որը սովորական է ամեն գյուղերում, մանավանդ գարնան սկզբներին, յայլա գնալուց առաջ։ Ձայները քանի գնում հեռանում էին, ավելի նվազում և քաղցր տպավորություն թողնում։ Նախիրները գյուղից բավական հեռացել էին, և Եղիկի ետևից գնացողների ձայնը էլ չէր լսվում։

Գյուղում խոսելու նյութ դարձավ. ամենքը իրար տեսնելիս գողության մասին էին խոսում և ամեն մարդ հետաքրքրությամբ սպասում էր գնացողների վերադարձին։ Կանայք հետզհետե մտնում էին մղդսի Կյուրեղենց տունը՝ մխիթարելու մտքով, նոր−նոր հարցեր տալով նրանց սիրտը ավելի վրդովում էին և գողցված իրերի պատմությունը լսելով, դուրս էին գալիս և հազար ու մի վրադիրով իրար պատմում։ Կովերը կթող հարս−աղջիկները կաթ փռելու համար մարագ գնալիս ու դառնալիս իրար հարցնում էին իրերի դրությունը և հազար ու մի ծաղրալի ածականներով կնքում Մուքեին։ Ուրիշները քթոցով շալակած ախոռի աղբը թափելիս, գոմերի թրիքը թխելու համար դուրս կրելիս հեգնական հայացքներով իրենց սիրելիներին կամ մտքում ունեցած ջահիլներին զգալ էին տալիս ամոթալի արկածը, մանիներով հազար ու մի նախատինք էին թափում անկար մարդու գլխին և վայ տալիս տիրոջը։

− Վա՜յ, ֆողը գլխուդ, մարդու ոտքից քնած տեղը ձիու կապը քանդեն ու չիմանա՜,− ասում էր մի կին յուր հարևանին։

− էդ ես ասում,− վրա էր բերում մի ուրիշը,− հագի ղանավուզ արխալուղը հանին տանեն, նա մեռելի պես տեր չյինի՞։

− Զաթի (արդեն) դնդրշկածի մեկն է, էն ինչ տղամարդ է որ,− ասում էր մեկ ուրիշ կին: