Էջ:Collected works of Atrpet.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս միջոցին ուրախության լրումը պահանջեց մղդսի Կյուրեղը. նա խնդրեց Գալո քեհյի աղջկա ձեռքը յուր որդու Մուքեի, համար։ Երկար ձևական խնդրվածքներից հետո համոզեցին հորը և Ասլիին նշանեցին Մուքեի հետ։ Տեր Մլեն, որ սեղանակիցների թվումն էր, նշանը օրհնեց, և հանդիսականների հետ մինչև լույս շարունակեցին ուրախությունը։

ԺԵ

Ասլին նշանդրեքից հետո սկսեց օրեցօր մաշվել։ Նա քանի որ Եղիկին հիշում էր, աչքերը մթնում էին, կրակ էին կտրում և անընդհատ հառաչանքներով աշխատում էր մի կերպ սիրտը հովացնել։ Բայց զուր, ոչ մի րոպե ցերեկը Եղիկի պատկերը չէր հեռանում նրա մտապատկերներից և ո՛չ քնած ժամանակը երազից։ Հերիքնազը՝ պառավ մայրը, տեսնում էր աղջկա մաշվելը, բայց անճարացած էր՝ ոչ մարդուն կրնար խոսք հասկացնել, ոչ էլ տղին։

— Ա՜յ կնիկ, ի՞նչ ես ասում, ինչ, ուզում ես, որ գդակս վար դնե՞մ, թքածս լիզե՞մ, ասեմ կնիկս համաձայն չէ։ «Աղջիկս մղդսի Կյուրեղի տղին չի՛ առնում», ասում էր ամեն անգամ Գալո քեհյեն, երբ Հերիքնազը մի կերպ բացատրում էր աղջկա վիճակը։ Ի՞նչ է, ուզում ես, որ ողջ Շյորագյալում ծամոն դառնամ, ամենքը թքեն իմ երեսին, որ այդպիսի անկոտրում աղջիկ եմ մեծացրել, իմ օջախի անունը հողի հետ հավասարեցնեմ, աշխարհ խոսի, թե՝ հերը տվեց, աղջիկը չառա՞վ։

Հերիքնազը լռում էր և ուրիշ պատասխան չէր գտնում, միայն ասում էր միշտ, առանց պատասխանը լսելու.

—Քեզ ո՜վ ասաց այդքան շուտ իմ աղջիկը նշանել։

Գալո քեհյեն ավելի խոսակցության չբռնվելու համար երեսը առնում փախչում էր, բայց իսկապես նրա սրտովն էլ չէր Մուքեի նման փեսա ունենալը. նամանավանդ, որ նա էլ շատ բարեսիրտ մարդ էր, աղջկան այդ դրությամբ նկատելիս սիրտը կտրտվում էր։ Բայց որ խոստացել էր այն համբաների,