Էջ:Collected works of Atrpet.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարնեցի աղաների և քահանայի ներկայությամբ, խո չէ՞ր կարող խոստումը ետ առնել։

—Աղջի՛կս,— ասում էր Հերիքնազը շատ անգամ գաղտնի, նրա արտասվելը նկատելով,— լացով մեռելը կառողջանա՞, մեռելի ետևից կընկնեն, կմեռնեն։ Խելքի արի, քու հայրդ, քու եղբայրդ, ես, մի թե քու գեշը կուզենք։ Մոռացի՛ր ամեն բան և ծնողներիդ օրհնանքը ստացիր։

Ասլին լռում էր և մի կերպ երեսը պահում մորը չպատասխանելու համար։ Ոայց յուրաքանչյուր անցած օրը նրա իրանից մի-մի շապիկ հաստություն տանում էր, գույնը թառամում, երեսը թոշնում, աչքերը կարմրում ու կծկվում, նվազում էին։ Որպես նշանված աղջիկ, տանից էլ քիչ էր դուրս գալիս, որով ավելի գույնը սկսեց դեղնել և այտերի վարդագույնը թափվել։ Նրա բարձր հասակը, երկար վիզը, առույգ կազմվածքը, խրոխտ հայացքը, սև ու հրացայտ աչքերը, սաթի նման մինչև ծնկները հասնող մաղերն էլ այն գրավիչ տպավորությունը չէին թողնում, էլ ամեն րոպե չէր լսվում նրա քաղցր ձայնը, յուր ճկուն և ոլորուն ելևէջներով. նրա յայլիներով էլ չէին պարում գյուղի հարս ու աղջիկները, նա միայն առանձնության մեջ վիճակն էր ողբում աղիողորմ մանիներով, որոնց հազարը միանգամից իրար ետևից շարում, ասում էր, հառաչում, հեկեկում և վայր ընկնում մեռելի նման անձայն, անզգա։

Թեև լաց էր լինում, թեև սգում էր, բայց Ասլիի հավատալը չէր գալիս, որ եղիկը մեռած լինի, որ յուր առյուծասիրտ և այնքան արագաշարժ Եղիկը գնդրշկած Մուքեի գնդակից մեռած լինի։ Այդ հույսը նրան քաջալերում էր ապրելու, մի օր Եղիկին կրկին հասնելու տենչանքով։ Եկավ վերջապես որոշված շաբաթ գիշերը, հասավ որոշված ժամը, բայց Եղիկը չեկավ, չեկավ, թեև մինչև լույս անքուն և անհանգիստ, սրտատրոփ սպասեց նրան Ասլին։ Այս թեև բավական մեծ հարված էր, բայց նա խոստացել էր շաբաթ կամ կիրակի գիշեր գալ, հետևապես սպասեց և հետևյալ գիչորը։ Իսկ Եղիկը, ինչպես տեսավ ընթերցողը, այդ պայմանավորյալ գիշերը անցկացրեց Մեդեդ բեգի ախոռում շղթայակապ, հառաչանքներով, այնպես, ինչպես նրան սպասողը։