Էջ:Collected works of Atrpet.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս բարի նախանձը օրեցօր սաստկանում էր և ատելության փոխվում։Սկզբում երկուսն էյ սառնարյուն էին քննում գործը, որովհետև երկուսի նպատակն էլ միևնույնն էր, այսինքն՝ իրենց թաղեցիներին և հարևան բնակիչներին օգնության հասնել հրդեհների ժամանակ, ձգտում էին մի կերպ միանալ։ Այդ բանը պահանջում էին թուլումբաջիները և նույնիսկ թաղեցիները, բայց հենց այդ միության ձգտումն էլ ավելի հեռացնում էր նրանց, որովհետև հասարակական գործը այդտեղ զոհվում էր անձնականին։ Խմբապետներըերկուսն էլ ցանկանում էին իրենց առաջնությունը պահպանել և այնքան մեծ էր նրանց եսը, որ նրանցից ոչ մեկը չէր կարողանում զիջանել։

Կաղ-Մքոն միշտ կրկնում էր յուր շրջանի թուլումբաջիներին․

— Եղբա՛յր, այնքա՜ն տարվա աշխատանքներս տանենք ծո՞վը թափենք։ Այդ փափկասուն աղայական զավակը թուլումբաջիություն պիտի անի, մենք էլ պիտի տեսնե՞նք։ Թո՛ղ երթա իր «Տիեզերքը» խմբագրե և ոտանավորներ գրե․ ի՞նչ գործ ունի կոշտ ու կոպիտ թուլումբաջիների հետ։ Նա դեռ երեխա է, նրա ընկերները խակ մարդիկ են, նա իսկական հրդեհ դեռ չէ տեսել, թեթև կրակների մեջ մտնում է, գիտե, թե մեծ բան է անում։ Ես համոզված եմ, որ մի օր, մի մեծ կրակի ժամանակ, իրեն անխելք ընթացքով, խումբը կրակի մեջ պիտի թողնե, գուցե ինքն էլ մեջը մնա։ Ես՝ տասը տարվա մեջ պատրաստած թուլումբաջիս, չեմ կարող այդպիսի տղայական բնավորություն ունեցող մարդու հավատալ։ Մեկ դուրս բեր, մեկ հաշվե տեսնենք ի՞նչ մարդիկ ունի, կամ թե քանի՞ իսկական մարդ ունի։ Հայրական կարողությունը ուտել, Եվրոպայում ուսում ստանալ և կալվածների եկամուտերով մարդիկ պահելը պապս էլ կարող է անել, թո՛ղ, թող ժողովրդականություն գտնե և ժողովրդի օգնությամբ ձեռք բերե իրեն կարևոր գործիքները, այն ժամանակ ես կխոնարհվեմ նրա առաջ, ես էլ նրան կհնազանդիմ։

— Մենք աղաների հետ գործ չունինք, ստրկանալ չգիտենք,— գոռում էին Կաղ—Մքոյի խմբի գլխավոր անդամները․-