անգամ նրանց շրթունքները քաղցրացնելով, իրեն գործիք և զենք շինեց։
— Ա՜յ աղա, դու որտեղի՞ց ես,— հարցրեց այդ հին հաջի աղաներից մինը, որն իրեն ամիրաների, մելիքների ժառանգն էր համարում և արդեն ազնվականների մատյաններում էր արձանագրել տվել յուր տոհմանունը, Հին Հայաստանի իշխանական անուններից մինը Հայոց պատմությունից գողանալով։
— Քեզ ծառա՛,— ասաց Եղիկը,— Հին-Բայազետից, Մրտոյենց Սգոյի տղան եմ։
— Հա՛ն, գիտեմ որ այս թայ մարդ չես, շենք, շնորհք, մարդավարություն հասկացող էլ որտեղ՞ց, եթե ոչ Բայազետից։ Է՛հ, ի՞նչ կա, ի՞նչ չկա մեր Բայազետում, հաջո՞ղ եք, լա՞վ եք։
— Լա՛վ, փա՛ռք աստծու, ամմա անօրեններից ազատվելիք չունենք։ Տունս էլ լավ էր, տեղս էլ, գործս էլ, բայց ի՞նչ օգուտ, Շեյխ Սլոյի հետ թշնամացա, քանդեց, ավերեց, թե չփախչեի՝ տնով-տեղով ինձ կործանելու էր։
— Աստված անիծե այդ անօրեններին, լավ ես արել։ Ես քեզ այստեղ կամերալ գրել կտամ, եղիր մեզի ժողովուրդ, պրծիր, հետո, թե կուզե՛ս, էլի գնա Բայազետ, առուտուրդ արա՛, բայց երբ պասպորտ ունենաս, քու շվաքիդ չեն կարող մոտենալ։
— Իմ էլ խնդիրքս այդ է, հաջի աղա՛։
— Լա՛վ, լա՛վ, այդ հեշտ է, անունդ ի՞նչ է։
— Ղազա՛ր, քեզ ծառա։
— Ղազար ջան, այսօր ես պիտի մովրովի քով երթամ, դու միամիտ եղի՛ր, քեզ կազատեմ։
— Սեպե թե, հաջի աղա՛, ինձ եսիրութունից ես գնում ազատում։
— Դու մի՛ վախենալ, ինչ որ պետք է, աղան խո մեռած չէ, իրեն ժողովրդին ինչի՞ պիտի թողնի տանջվի։ Հա՛, ասիր ապրանք ես բերել ծախելու:
— Հրամմեր ես, աղա՛, քիչ բան, մի չորս հակ ֆրանկի ապրանք։