Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ,– ասաց մտախոհ Եղիկը։

— Իմ ձիս չի քայլում, քուկդ էլ մի բանի նման չէ. մեզ լավ խաբեցին անօրենները։ Բեռկիրը քյոհլանի տեղ տվին մեզ։ Ես այն ժամանակ զգացի, բայց միջամտելն ինձ չէր վերաբերում։

— Դու գիտես ես չճանաչեցի՞. խոսելու ժամանակ չկար։ Ի՞նչ ես վախենում, կարծես այսօր լավ ձիաներ ձեռք չբերենք։ Դու առաջ գնա։

Մի ժամանակ երկու ձիավորներն էլ լուռ առաջ էին գնում, երկուսն էլ մտախոհ, ծրագիրներ էին պատրաստում։ Արշալույսին նրանք անցան Յաղլուճան, բարձրացան Լաջի-վելի սարահարթը, երբ նոր արեգակը ճառագայթները հորիզոնից սկսեց արձակել։

Երկուսն էլ մտախոհ, յորղա ձիերը տակները, քշում էին արագ-արագ։ Եղիկը երկար-բարակ դիտելուց հետո հեոուն, սարի ստորոտում արածող ջոկը, ասաց.

— Մելո, քանի՞ մարդ ես նկատում իլխիի քով։

— Ո՞ր իլխիի,— ասաց Մելոն, աչքերը չորս կողմ հածելով։

— Ա՛յ, այն սարի տակը,— ասաց մատով նշան տալով Եղիկը։

— Էյ այն Մեդեդ բեգի իլխին է, կաշի կքերթե, հետո Շյորագյալի տերը։ Զգույշ պետք է լինել, այդպիսի կծանների պոչը կոխելու չէ։

— Երեխա ես, դեռ չգիտե՞ս թե իմ նպատակս ինչ է, ես ինչ մտքի եմ ծառայում։ Քշե՜, քշե՜ գնանք։

Ջոկին չմոտեցած, Եղիկը հրացանը լցրեց և ուղղեց ջոկի պահապաններից մեկի վրա, որն իսկույն ընկավ։ Երկրորդ պահապանը ընկերոջ վրեժը լուծելու և կյանքը փրկելու հույսով անցավ մի քարի ետև և գնդակն ուղղեց Եղիկի վրա, բայց գնդակը նրա կողքով անցավ։ Մելոն, նկատած լինելով ջոկի պահապանի քարի ետև պահվելը, հրացանը պատրաստեց և երբ վերջինս լցնում էր կրկին անգամ դատարկելու, արձակեց, որի գնդակը ցրվեց պահապանի ուղեղը։ Մնացած երկու պահապանները այդ նկատելով խույս տվին և պահվեցին։ Իսկ