Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպաստեց, և Եղիկը այնպես վարժվել էր խրամատի անցքերի հետ, որտեղ ինչ քար լինելը գիտեր և դրա համաձայն առաջ էր վարում ձին, իսկ նժույգները իրենց հատուկ ընդունակությամբ այնպես սահեցան, թռան, անցան, որ ոչ մի ձիավոր նրանց առաջը կտրել չկարողացավ: Մթնումը մի քանի գնդակներ արձակեցին ղարաքիլիսեցիք, բայց ապարդյուն, միայն աղաղակը սաստկացրին այն գնդակները և ստիպեցին Եղիկին շուտով հեռանալ։ Երբ արդեն հանդը դուրս եկան, Եղիկը շուռ եկավ և մի գնդակ ուղղեց գյուղացիներին, հուսալով, որ դրանով հրավիրե գյուղացոց իրեն հետևելու, բայց նրա ցանկացածը չեղավ, գյուղացիք շեմքից դուրս չեկան։ Արդեն նրա գնդակի գիշերը գործած հրաշքների մասին առասպելներ էին պատմում Շիրակի բոլոր գյուղերում։

Զուր քիչ դեսուդեն տատանվելուց հետո Եղիկը դեպի Ապարաններն ուղղեց յուր ձիու գլուխը։ Արևածագին նրանք հասան Բաշ-Ապարան և ուղղվեցին դեպի Աշտարակ ու Իգդիր։ Արդեն ունեցած-չունեցածը ցրվել էր Եղիկը, որը Միրզային էր տվել առևտուրը կարգի բերելու համար, որն էլ մահուդ և ընտիր ապրանքների ծախսից ստացած գումարները քիչ-քիչ հավաքելով, պատրաստում էր մի ուժեղ հարձակումով առնել ու փախցնել Ասլիին։

Բայց կրակն առել ու բորբոքում էր Գալո քեհյին և մղդսի Կյուրեղին։ Նրանք շվարել մնացել էին այս անզուսպ ղաչաղի ձեռքին։ Գիտեին, համոզված էին, որ Ասլիի պատճառով իրենց հանգիստ չէր թողնելու Եղիկը, և անպատճառ մեծ-մեծ վտանգների էին ենթարկվելու։ Գալոն զղջացել էր, որ աղջկա կամքին հակառակ, կնոջ խոսքը կոտրելով, որդուն՝ Թոմասին, հետևելով մեծ փորձանքի մեջ էր գցել իր օջախը, բայց արդեն ուշ էր… տերտերը նշանն աշխարհի առաջ օրհնելուց հետո ինչպե՞ս կարելի էր գեղի մեջ, դաշտի մեջ խաղք ու խայտառակ լինել, տված էր ու պրծած… Թող այս աղջիկն էլ զոհ գնար հոր անունի ու նամուսի համար։ Բայց այնքան աղջկա համար չէր մտածում, որքան խորհում էր տան գլխին գալիք որևէ փորձանքի համար, Եղիկն ու նրա կույր գնդակը հանկարծ կարող էին Գալո քեհյի տան սյուներից մեկն ու մեկի գլորել, սարի