ափիցերն էլ չթողեց անցնենք օսմանլիի կողմը, թուղթ գրեց, տվեց, ահա տանում ենք մովրովին, ինքն էլ գիր գրեց իրեն մեծավորին։
— Ամոթ չէ՜, գետին չմտա՜ք, որ թողիք քրդերին ձեր կթանը տանելու, անաբուռ մարդիկ եք, գլխներիդ կարծես կնկա լաչակ գցած լինիք։
— Ղազար ախպեր, արդար է խոսքդ, բայց ի՞նչ օգուտ, ուշ իմացանք, ուշ հասանք… մեկ էլ որ անօրենները առանց արգելքի անցան իրենց սահմանը, բայց մեր ղազախի մեծն չթողեց անցնելու, թե չէ կբերեինք։
— Լա՛վ, լա՜վ, հասեք, ուշ է, շտապեցեք։ Եղիկը ձին քշեց, նրան հետևեցին ընկերները, անցան։ Նույն գիշերը Եղիկը չկարողացավ քնել։ Ամբողջ գիշերը բորբոքված մտածում էր և ծրագրում։ Մեջգիշերին ասաց. Մելո՜, Մոսո՜, ելեք ձիաների գարին կախեցեք։ Դեռ երկու ժամ լուսանալուն մնացած՝ ճանապարհ ընկան և արշալույսին անցան Պալակցիս լճի մոտով։ Այն հրաշալիքներով զարդարված լեռներն ու լեռնագագաթները իրենց ձագարով արևագալի ժամանակները սքանչացնում էին անցորդին իրենց գույնզգույն տեսարաններով, բայց Եղիկը բոլորովին ուրիշ բանով էր հրապուրված։ Սահմանը շրջվելուց հետո արդեն քրդական սև վրանները և քարուքանդ խարաբաները նկատվեցան։ Աշուն էր, բայց մեղմ եղանակներին դեռ ոչխարն ու կթանը սարի միջին լանջերում, տեղ-տեղ ձորակներում ու արևի կողերում հանդարտ արածում էին։ Հովիվները հարյուրներով առաջները խառնած՝ իրենց հոտերին մագլցեցնում էին քարափներից, ապառաժներից և հասցնում ճարակ եղած տեղերը։
Արդեն խաշները դուրս հանած էին, երբ որ Եղիկի խումբը դարիվար էր իջնում։ Նախկին փորձառու հովիվը, աչքերը շուրջն ածելուց հետո, ձիու գլուխը դարձրեց, որին անմռունչ հետևեցին ընկերները։ Կես ժամ հետո արդեն երկու հազար քայլ հեռավորության վրա կանգնած էին մի ընտիր հոտի մոտ, որը հինգ-վեց հարյուր գլուխ կթանից էր կազմված։ Եղիկը գիտեր, որ քուրդը մինչև ուժ չտեսնի, չի զիջանիլ. այդ պատճառով