Էջ:Collected works of Atrpet.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այն էլ առաջավորները, ընկել էին։ Նրանք կանգնեցին։ Եղիկը առաջ էր գնում անընդհատ ընկերների և հոտի հետ։

Քրդերը երկար չհամբերեցին, մի քանիսը դիակների մոտ մնացին, մյուսները կատաղած առաջ ընկան։ Մոսոն ոտով էր գնում, դեռ զենքերն էլ շալակը։ Նա մի քարի ետև անցավ և հրացանը ուղղեց եկողներից մեկի վրա, որի անակնկալ ընկնելու վրա քրդերը թուլացան։ Մինչ այդ Եղիկն ընկերների հետ մի-մի գնդակ էլ արձակեց, որը քրդերին հուսահատեցրեց։ Երեք քրդեր նորից ընկան, այնինչ նրանց և ոչ մի գնդակը նպատակին չհասավ։ Տղերքն այնպես արագ էին շարժվում, այնպես այս ու այն կողմն էին ձգձգում, որ քրդերը շվարեցան։

— Հրացաններդ լցրեք,— ասաց Եղիկը,— նրանց միտքը մոտենալ և սրի կռիվ սկսելն է։ Պատրա՛ստ կացեք, սրի կըռվում մենք նրանց չենք կարող հաղթել, նրանք շատվոր են։

Մինչ այդ քարի ետևից Մոսոն մի ուրիշի էլ գլորեց, որը սարսափ ազդեց քրդերի մեջ։ Նրանք կարծեցին, թե շատվոր են ապաստանած՝ քարերի մեջ։ Քրդերը կանգնեցին, ո՛չ առաջ էին կարողանում գնալ, ո՛չ ետև, երկյուղն ու ամոթը կռվում էր նրանց մեջ, բոլորը կփախչեին, եթե մեկը մյուսից չամաչեր, և ոչ ոք առաջին փախչողը չէր ուզում լինել։ Մի գնդակ էլ արձակեին քրդերի բազմությանը՝ մեկն ու մեկին դիպչում էր, այնինչ հայերը, երեք հոգի և ցրված, խույս էին տալիս նրանց նշաններից։ Իսկ վերջին գնդակների վրա քրդերը սկսեցին փախչելու պատրաստություն տեսնել։ Արդեն քրդերը ընկնողներին իրենց ձիերի վրա էին դնում կապում։ Հրացանները մի-մի անգամ ևս լցրին, պատրաստ ձեռքերին հեռանում էին։

— Գրիգո՛ր, Մոսոն առանց ձիի ինչպե՞ս պիտի գա, նրան ձի է պետք,— ասաց Եղիկը։

— Հավատացե՛ք, ես ձեզ հետ չեմ դառնալ,— ասաց Գրիգորը,— պետք է Մոսոյի համար մի ձի վեր առնել քրդերից։ Այսքան վառոդն ու գնդակը մուֆթա խո չէ՞ր։

— Մելո՛, դու կամաց-կամաց ոչխարը առաջ տար, շ— ասաց Եղիկը։

— Հավատա, ես ոչխարի հետ գլուխ չեմ կարող դնել,— ասաց Մելոն,— այդ իմ բանը չէ։