— Հինգշաբթի,— ասաց Գրիգորը։
— Լավ է,— ասաց,— քշեցեք ձիաներդ դեպի Պարտեզ։
Նույն գիշերը հասան, բայց գյուղ չմտան, այլ առաջ գնացին դեպի անտառ։ Մինչև լույս անտառի խորքում կրակ վառեցին ու հանգստացան։ Լուսադեմին ճանապարհի նշանավոր կետերում զետեղվելուց հետո կարևոր հրամաններ տվեց ընկերներին Եղիկը և բարձրացավ Հարամ֊Վարդանի բարձունքներից դիտելու ճանապարհների անցուդարձը։ Երկար չսպասեցին. սնանկ վաճառականի ասածն ուղիղ էր և Արզրումից մասնավոր չափարը (սուրհանդակ) մեծ ձիավորների խմբով գալիս էր։ Եղիկը ետ դարձավ և ընկերներին հավաքելով անտառում մի կիրճի մեջ, որոշ տեղերում իրենց դիրքը բռնած նստան։ Բավական ժամանակ անցնելուց հետո առաջավոր երեք ձիավորներ եկան անցան, որոնց հետևում էին երկու հազար քայլ հեռու ևս երեք ձիավոր։ Սրանց թույլ տվին անցնելու։ Իսկ սրանից քառորդ ժամ հետո եկան մոտ երեսուն ձիավորներ, ծանր քայլերով, հետները չորս ջորի, բեռնավորված փողով։ Եղիկը նշանը տվեց, և չորս գնդակները չորս գլխավորների գլորեցին։ Առանց սպասելու չորս էլ փշտովի գնդակ արձակեցին, որոնք նույնպես իրենց զոհերն ունեցան։ Չափարների գլխավորների գլորվելուց հետո արդեն հետևողները շվարեցան։ Ահագին անտառ, ծառերի միջից գալիս է գնդակը, ո՞վ գիտե, որտեղ են ապաստանած և քանի՛ հոգի են։ Մի քանի գնդակ արձակեցին չափարները, բայց զուր, ծառերի բներում մնացին այդ գնդակները։ Գրությունը սոսկալի էր։ Եղիկը երկրորդ, երրորդ անգամ լցրեց հրացանը և ամեն անգամ ճարպիկ ձիավորների վրա էր ուղղում գնդակը։ Գրիգորը, Մելոն ու Մոսոն նույնպես կրակ դարձած, իրար ետևից կարկուտի նման գնդակ թափեցին չափարի ձիավորների վրա, այնպես որ սրանք կարծեցին, թե անտառում առնվազն քսան-երեսուն մարդ է թաքնված։ Դրանից հետո մի քանի գնդակ էլ հասցրին ջորիներին, որոնք թավալվեցան իրենց գանձով։ Ճար չկար, միայն փախուստը կարող էր չափարի ձիավորներին փրկել. այդպես էլ արին, բայց Եղիկի և ընկերների գնդակները նրանց չէին թողնում խույս տալով մահից ազատվելու։