Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միևնույն ճեմարանում ապաստանած տառապյալներին օգնելու համար։ Այնպես որ երկու խումբն էլ միասին սկսեցին օգնության հասնել թշվառներին։

Կարճ-Նազարը, երբ հետևյալ օրն արհեստավորներ բերած՝ կարկատել էր տալիս շինության ծակը-ծուկը, լուսամուտների փեղկերն ապակի գցելու համար և տանիքի կղմինդրը, ո՛ր չկաթե, շվարած մնաց, որ կողմը դառնում էր նորոգության կարոտ էր գտնում և երբ քննությունը վերջացրեց, ասաց իր մտքումը՝ թե ամեն կողմ փտած, խարխլած է, այնքան ծախս կգնա նորոգելու համար, որ այդ գումարով ավելի հեշտ կլինի հիմքից քանդել և նորից շինել այս ճեմարանը։

Կաղ-Մքոն նույն գիշերը, գաղթականներին հագուստ ու ճերմակեղեն բաժանելիս, որոնք հավաքել էր այդ օրը թաղեցիներից, ասաց ընկերներին.

— Ահա մի «Նոր Հայաստան», կայտառ երեխաներ, վիթխարի և հաստաբազուկ տղամարդիկ, գեղեցիկ աչքերով, կարմիր այտերով կանայք ու պառավներ, աղքատություն, մերկություն ամեն կողմ, հուսահատություն բոլորի աչքերի մեջ և սրտի խորքերում։ Բայց և այնպես այս ջլուտ սրունքները, այս լայն կուրծքերը, այս հաստ ոսկորները, այս պինդ ուսերը մեզ՝ թուլումբաջիներիս համար շատ նախանձելի են, ես սրանք կքաշեմ դեպի մեր ջրհանները։ Հարկավոր է սրանց մարդ շինել, աներկյուղ թուլումբաջիներ, որ համարձակ մտնեն հրդեհի բոցերի մեջ։

— Դու մի՛ վախենալ, էֆենդի, համալն ու մշակը բանից չեն փախչիլ, համա դու մեզ բան տուր,— ասաց մի երիտասարդ, որ, ինչպես երևում էր, եղել էր մեծ քաղաքներում և կռնակը սովորել էր ծանր հակեր կրելու։

Կարծրամարմին մշեցիներից մի մասը մտավ Կաղ-Մքոյի խումբը, մյուսը՝ Կարճ-Նազարի։ Որովհետև այդ հայրենիքից հալածվածները երկու խմբից էլ անվերջ բարիքներ էին վայելել, այդ պատճառով դեպի երկուսն էլ տածում էին անկեղծ հարգանք։ Կաղ-Մքոյի նախագուշակությունը արդարացրին ավերակ ճեմարանի թշվառ բնակիչները, և մերկասրունք իսկյուտարցի թուլումբաջիները սկսեցին հարգել իրենց վախկոտ