Էջ:Collected works of Atrpet.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որբանոցի, որը բացել է աղետներից վնասված անտեր այրիների և որբերի համար»։

- Կովե՛ր, ոչխարնե՛ր, նա այդ անելով, ցանկանում է կուռք դառնալ ու ձեզնից պաշտվել,- ասաց կատաղած Կաղ-Մքոն-, և դուք հափշտակված դեռ խնկարկում եք այդ խորամանկ դերասանը։ Այն հարստությունը, որ հայրը ձեր կռնակներով էր վաստակել, այսօր որդին հոր դիզածից չնչին մի մաս բերաններդ թապլելով, շլացնում է ձեզ և ձգտում թիկունքներիդ, վզերիդ վրա բարձրանալ։

Այդ միջոցին ցրվիչը դուռը բացեց և մի համար «Արևելքս» տալով՝ արագ-արագ մյուս լրագիրների անունները արտասանեց.

- Լրագիր այսօրվա - «Հայրենիք», «Մասիս», «Մանգումե», «Թերջիմանի-էֆքյար», «Մեճմուա», «Փունջ», «Արևելյան մամուլ», «Լա թուրքի», «Սթամբուլ», «Ֆար դը Բոսֆոր», «Վաքըթ», «Հագիգաթ»…

- Պետք չէ, Պողոս աղբար, պետք չէ։

- Թուլումբաջիների համար հետաքրքիր լուր կա «Ֆար դը Բոսֆորի» մեջ։

- Ուղի՞ղ, տեսնենք։ Ցրվիչը տվեց ու հեռացավ։ Կաղ-Մքոն սկսեց աչքից անցկացնել «Արևելք»–ը։ Հանկարծ առավ և մռնչելով հետևյալ տողերը կարդաց. «Ամսիս 29-ին Գատը-գյուղի հույն և հայ թուլումբաջիների իրենց Իսկյուտարի արհեստակիցների պատվին տված ճաշկերույթին «Տիեզերք» լրագրի մեծհարգո խմբագիրը ձայն խնդրելով մի ճառ խոսեց, որը ժամից ավելի տևեց։ Ճառախոսն իրեն նյութ ընտրած էր՝ մի կապով միացնել Կ. Պոլսի բոլոր թուլումբաջիների խմբերը, որպեսզի հարկին՝ մեծամեծ աղետների ժամանակ, կարողանան զորեղ ուժով դիմադրել։ Մեծ ոգևորությամբ և ծափահարություններով ընդունվեց ճառը և միաձայն վճռեցին. Հաջորդ ամսի մեկին հավաքվել դարձյալ Գատը-գյուղ ծրագիր կազմելու նպատակով»։

- Դարձյալ մի նոր խա՛ղ, դարձյալ աչքակապություն։