− Չգիտեմ ինչպես բացատրել ընկերների վարմունքը մեր սրտակիցներն անգամ փայլում են այսօր իրենց բացակայությամբ։ Նշանակում է մենք ընկերներ չենք ունեցել, այլ բախտախնդիրներ, որոնք միայն անձնական փայլի կամ շահի համար են մեզ շրջապատած եղել։ Այս բանը թեև հուսահատական է երևում ձեզ, բայց ինձ համար մի ուրախալի երևույթ է. ես արդեն շատ վաղ հասա այն եզրակացության, որ ամենախիստ ընտրություն պետք է անել ընկերների մեջ. թող փոքր լինենք թվով, բայց մեծ՝ սրտով ու հոգվով։ Մեզ ընկեր և համախոհ կարծածները՝ շլացած Կարճ-Նազարի էֆեկտներից, թուլացան, հեռացան և այսօր նրա հետ Ժողովված են Գատը-գյուղում, հույների, հրեաների, ալբանացիների, նույնիսկ թուրքերի հետ և ծափահարում են նրան։ Գործի պաշտողներ չէին նրանք, կուռք պաշտելով էլ թող մեռնին: Ահա թե ո՜ւր են, ահա թե ինչի՜ մեր ժողովն այսքան սահմանափակ է։
− Յանղո՜ւն վար, յանղո՜ւն վար (հրդեհ կա),− սկսեցին պոռալ փողոցում։
− Մարտիրոս, իջի՛ր, իմացի՛ր որտեղ է,− ասաց Կաղ Մքոն։
Փողոցներում գոռում էր մունետիկը և անցնում։
− Ճեմարանում կրակ է ընկել և սոսկալի կերպով տարածվել,− ասաց հևալով Մարգարը, սանդուխներից բարձրանալով։
− Գնանք, գնանք,− ասաց Մանուկը։
− Ո՞ւր եք գնում, ո՞ւր եք վազում,− ասաց զայրալի Կաղ Մքոն։
− Երթանք մի քանի մարդ կանչենք ու թուլումբաներ առնենք, հասնինք։
− Լավ է, տեղդ ծանր կեցիր, հիմի Կարճ-Նազարի տղերք ամեն կողմից թափված կլինին։ Նրանք մշեցիների, ձկնորսների հետ իրենց թաղի մեջ չեն թողնիլ, որ դուք երեք հոգով քաջագործություն անեք։ Ձեր օգնության կարոտ չեն։
− Բայց և այնպես…
− Մարգար ախպար, թե՛զ երթանք, դուռը բաց, թուլումբաները