Էջ:Collected works of Atrpet.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաները տուր, մեր տղերքը, մեր ճվերը, մեր մանր ու խոշորը վառվեցան:

− Տղա՛ Գալո, այդ որտե՞ղ է ձեր ռեիս (խմբապետ)՝ Կոլոտ−Նազարը, ո՞ւր են ձեր թուլումբաջիները,− ասաց Կաղ–Մքոն։

− Վալլահ, վարժապետ, չեմ գիտեր։ Այդ խոսքերի վախտը չէ, երթանք, թուլումբաները տվեք, տղերքը ժամի բակում ձեզ սպասում են։ Թե՛զ, թե՛զ։ Նազար էֆենդին, ասում են, Ղադիքյո է գնացել, ուռմըների հետ խորհրդի. բալնիքներն էլ նրա ընկերների ձեռին են։ Արեք երթանք, ճամփեն կխոսինք։ Թե՛զ արեք, շտապեցե՛ք, կոտորվեցի՜նք, կրակը տունն առեր, ու բոցավառվում է ողջ ճեմարանը։

− Ահա, տեսա՞ք ձեր ռեիս, մեզ թողիք, գնացիք, հիմի էլ մեր ումուդին մնացիք։ Մենք մարդ չունինք, ի՞նչ անենք, ինչպե՞ս անենք։

− Վարժապետ, թե՛զ արեք, մեր քյուլֆաթը հիմա խորովավ, մեր մարդիկը հազիր են, նրանք կանեն, ինչ որ պետք է։ Հազար հեղ ասի,− Նազա՚ր էֆենդի, Մքո վարժապետ, այդ թուլումբաներից մեկն այնտեղ թողե՛ք, ամմա ո՞վ է լսողը։ Ղոջա ճեմարան է, ինչ խանի-խարաբա է, հազար ծակ ունի, մեկ քյունջը չէի՞ք կարող տեղավորել։ Նա գնացել է Ենիմեհլեի էն ձայրը, սա Սելամսըղի մեջ, հիմա նեղ փողոցներից մենք ինչպե՞ս անցկացնենք թուլումբաները ու հասնենք մեր քյուլֆաթն ազատենք։ Ամմա, մեզ մարդու տեղ դնող չկա, մեր ուսերն են պետք, ոչ թե մենք…

− Ետև էլ կասեն Կոլոտ-Նազարի մարդիկը հանգցրին կրակը,− ասաց Կաղ-Մքոն։

− Աստծու սիրուն, վարժապետ, ես կպոռամ, որ Կաղ-Մքոյի թուլումբաներով, Կաղ−Մքոն մարեց կրակը։ Երթանք, երթանք։

Սկսեցին բոլորը միասին վազել։ Բայց մինչև դռների փականքները բաց անելը, մինչև գործիքների տալը, մինչև հորերից ջուր քաշելը ճեմարանի կրակը սաստկացավ և էլ հանգցնելու հնար չեղավ։

Հին շինություն, ներքին հարկի աղյուսի պատից մինչև