խոր թախիծի մեջ սուզեց բարեպաշտ հաջուն, և նա ամբողջ քառորդ ժամ չկարողացավ լեզուն բաց անել, և երկու խոսքով մի հարց առաջադրել դենպետին։
Երբ մտավոր հույզերից սթափվեց, նորից հարց տվեց հաջին.
−Ազիզ սահաբ, ի՞նչ պակասություն ունիմ, որ ասում եք, թե օրինավոր կերպով հաց ուտել անգամ չգիտեմ։
− Ասա՛, խնդրում եմ, ինչպե՞ս եք սեղան բազմում։
− Նախ հարցնում եմ զավակներիս միջոցով իրենց մորից, թե արդյոք կերակուրը պատրա՞ստ է։ Երբ դրական պատասխան եմ ստանում, առաջարկում եմ սենյակը մաքրել սփռոցը փռել գորգի վրա, սեղանը զարդարել աղով, հացով, կանաչով և խորտիկներով, ալլահի տվածից ոչ մի զրկողության չեմ դատապարտում անձս և ընտանիքս։ Ապա լվացվում եմ. բոլորս մաքրված նստում ենք սեղանի, «Բիս միլլահ» (աստծու անունով) ասում ու կտրում ենք հացը և սկսում ճաշը կամ ընթրիքը։ Աշխատում ենք ո՛չ շորերս, ո՛չ էլ սեղանի փռոցները և կամ հացի մանրուքը չլափոտել։
− Վե՞րջը,– հարցրեց հյուրը։
− Վերջը ավելացածով կշտացնում ենք մեր բոլոր ծառայողներին և աղախիններին, որոնց երբեք չենք զրկում որևէ բաժնից, ինչ որ աչքերը տեսել է սեղանի վրա։
− Վե՞րջը։
— Նորից լվացվում ենք, ալլահին փառք տալիս, ծխում ենք կալիոններս և հետևում մեր գործերին։
— Տեսա՞ր, որ «մարդավարի հաց ուտել» անգամ չգիտես ես որ ասացի, մի՞թե կարծում էիր, թե ես ուզեցի քեզ անտեղի վրդովել։
— Ուրեմն, Ազիզ սահաբ, խնդրում եմ ինձ ասեք, թե ի՞նչ պակասություն ունինք, որ կարողանանք ուղղվել։ Մեզ ավանդվածները կատարելապես գործադրում ենք, էլ ինչ որ չգիտենք, խնդրեմ սովորեցնեք։
— Սեղան նստելուց առաջ պետք է ընկղմվել մտավոր աշխարհը և խղճին հարց տալ, թե արդյոք որևէ մերձավորի կամ հեռավորի խո՞ չեք զրկել։ Պետք է անկեղծությամբ խորհել.