Էջ:Collected works of Atrpet.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ձեզնից զրկանքի մատնվածը քաղցի, ծարավի, մերկության և ցրտի խո չէր դատապարտված, սրտով, հոգով խո գանգատ չի՞ բարձրացնում դեպի արարիչը ձեր դեմ կրած զրկանքների, տանջանքների մեջ։ Այն հացին, պանրին, մսին, մրգին ձեռ տալուց առաջ պետք է ներքին աշխարհի խղճին հարց տալ, թե արդյոք դրանց տերերի վարձը ամբողջությամբ վճարե՞լ ես, այդ վճարածդ դրամը քո հալալ ճակատիդ աշխատանքո՞վ ես ձեռք բերել, թե այդ դրամի մեջ ուրիշի քրտինքի մաս կա։ Ահա թե աղոթքից, լվացումից և ձևականությունից առաջ ինչ պարտականություն ունիս խղճիդ հետ վճռելու, որ ապա կարողանաս սեղանին մոտենալ։ Իսկապես իսլամի ամենագլխավոր պարտքն է, որ նախ զրկանքների մատնվածներին, ո՛վ ուզում է թող լինի, իսլամ թե ոչ-իսլամ, վերադարձնե կատարելապես իրեն չպատկանածը, որ ապա կարողանա արդարադատի վայել բարեխղճությամբ սեղան նստել։ Իսկ քանի որ այս չես կատարել մինչև օրս, ես քո սեղանին չեմ կարող մասնակցել։

Ասաց ու հեռացավ արդարադատ հյուրը, խռովելով հյուրընկալի սիրտն ու հոգին։


1909 թ.