Էջ:Collected works of Atrpet.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾՈՄԱԲԱՑԻՆ
(Պատկեր)

Ծոմապահության (Ռամազան) ամսի 15-ին Հաջի Ալի Հարիրֆրուշը (բեհեզավաճառ) խոսք էր առել Քեր-Բելայից եկած դենպետից յուր տունը այցելելու և միասին ծոմաբացին ընթրելու: Վաճառականը անչափ ուրախացել էր, որ շիաների երկրպագության արժանացած մյուջթեհիդը խոստացել էր նրա տանը ընթրիքի բազմելով բախտավորեցնել։

Ահա այս պատճառով հաջին լավ պատրաստություն էր տեսել և իր աչքի ընկնող դրացիներին, մրցակիցներին և բարեկամներին հրավիրել էր նույն իրիկուն ներկա գտնվելու իր տանը և սրբակրոն հոր օրհնություններին ու բարոյական վսեմ հորդորներին մասնակցելու։

Արևը մայր մտնելուց մի ժամ առաջ բոլոր հրավիրյալները ներկայացել էին հարգևորի տունը և անհամբեր սպասում էին դենպետի գալուն, որի տանից ճանապարհ ընկնելու լուրը արդեն հասցրել էին արագավազ լրաբերները։ Եկավ վերջապես դենպետն էլ, հրավիրյալները պարտեզի ծաղկանոցից անցան թենեբին (մեծ սրահը) և ծնկների վրա կարգով չոքեցին սրահի չորս կողմը փռված մինդարների վրա, որոնք ծածկված էին ընտիր գորգերով։

Երբ սկսեց չորս բոլորի հրավիրյալների վիճակից հարցուփորձ անել մեծ դենպետը, սենյակի մեջ այնպիսի լռություն տիրեց, որ օդի մեջ թռչկոտող ճանճերի ձայնն անգամ այնպես աղմկալի էր թվում, որ տանտերը մտորում էր մի կերպ