Էջ:Collected works of Atrpet.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս վանել դրանց, որ չխանգարեն բարձրագույն հյուրին։ Բայց ճանճերը խո չէի՞ն կարող մտնել տանտիրոջ հոգեկան աշխարհը, չվրդովել հյուրընկալին և նրա բարեկամներին:

Այդ միջոցին մոտի ընդարձակ սրահում պատրաստում էին սեղանը, որտեղ սպասավորները ամենայն զգուշությամբ և ճաշակով դասավորում էին կերակուրները։ Սուփրի ծայրերին ութ սինի փլավ ու չլավ էր դրած, բոլորն էլ զանազան համեմունքներով, իսկ մեջտեղը շարած էին որսի, գառի, հավի մսերից, կաթնեղեն, քաղցրեղեն և ուրիշ կերակուրներ: Խոշոր, հախճապակե բադիաներով շարած էր օշարակը, որոնց մեջ լցրած էր շիմշատից շինած գեղեցիկ շերեփներ։ Մրգերը իրենց վառվռուն գույնով հրապուրում էին աչքերը, կերակուրները իրենց քաղցր բույրով գրգռում ախորժակը։

Երբ արևը մտավ հորիզոնից, դենպետը, արևամուտի աղոթքի ժամանակը հասած համարելով, զննեց կողմնացույցը և կամենում էր աղոթքի կանգնել։ Հանկարծ պարտեզի դռնից աղմկելով ներս մտավ մի պառավ թրքուհի, ոտից մինչև գլուխ չարսավում փաթաթված, ձեռքում աղերսագիր և ուղղվեց դեպի Թենեբիի լայն բաց լուսամուտը։

Թեև տանտիրոջ ծառաները շատ աշխատեցին, որ արգելեն պառավին խնդիրը ներկայացնելու, բայց մեծ մյուջթեհիդի հավատարիմը նրանց առաջը կտրեց ասելով.

— Արդարադատության դուռը ոչ մի րոպե չի կարելի փակել։ Խնդրատուի առաջ միշտ բաց են դատարանի դռները։

Կինը ներկայացրեց խնդիրը, որը Թենեբիից դենպետն առավ ասելով.

— Աղոթելուց առաջ անհրաժեշտ է հուզվածների ու բորբոքվածների բողոքը լսել:

Հանդիսականները անմռունչ լսում ու զննում էին իրենց դենպետի խոսքն ու արարքը, որը ակնոցն ուղղեց և սկսեց կարդալ խնդիրը։

— Ի՞նչով ես հաստատում, որ այս տունը քոնն է, խանում,— հարցրեց դենպետը։

— Թեև մարդու չեմ հավատացել իմ կապալես, բայց ձեզ վրա լիովին վստահ եմ, կարդացեք, սահաբ,– ասաց ու ծոցից