դուրս հանելով կալվածագիրը, հանձնեց դենպետին:
Մյուջթեհիդը կարդաց կալվածագիրը, զննեց կնիքները և հարցրեց մոտը նստած մյուջթեհիդից, թե կնիքն ու ստորագրությունը ծանոթ են նրան։
— Ծանոթ է. Հաջի Միրզա-Բաղր աղայի ձեռագիրն է,— պատասխանեց կղերականը։
— Հաջի-Ալի, առաջ արի տեսնենք, թե ինչ է ասում այս կինը, որ տեր է կանգնել քո այս բնակարանիդ և ինձ զգուշացնում է չաղոթել իր տան մեջ առանց իր համաձայնության։
— Սահաբ,— ասաց դենպետի առաջը չոքելով տանտերը,— ահա երեսուն տարի է, որ իմ ձեռքին է այս տունը, և ես գնել եմ Դալալ-Բաշուց։
— Ուրեմն այս տները շինել է Դալալ-Բաշի՞ն։
— Այո, բայց ես նրանից գնել եմ և թղթերս վավերացրել են բոլոր հայտնի մյուջթեհիդները։
— Տեսնեմ թղթերդ,— ասաց դենպետը։
Հաջի-Ալին երբ ներս գնաց թղթերը բերելու, թրքուհին ասաց.
— Սահաբ, երբ ամուսինս վալիահթը կանչել էր, նա վախենալով, որ իրեն կարող են կողոպտել, անմիջապես գնացինք մյուջթեհիդի մոտ, և ինձ ծախեց տները, որ ապահովե վտանգից։ Բանտում Դալալ-Բաշուն այնքան տանջել տվեց վալիահթը, մինչև ստիպեց տունը ծախել և յոթ հազար թուման տուգանք վճարել։ Թեև ամուսինս շատ դիմադրեց, բայց տանջանքի տակ անճարացած զիջավ և յոթ ամիս հետո մի երկրորդ կապալե տվեց Հաջի-Ալիին, իսկ այս անիրավը բռնության ենթարկվածից հափշտակողի նման գրավեց կայքը և տիրացավ։
— Բանտից դուրս եկա՞վ Դալալ-Բաշին։
— Ո՛չ, այնտեղ նրան թունավորեցին։
Այս ժամանակ ներս եկավ Հաջի-Ալին և իր կալվածագիրը ներկայացրեց դենպետին։
— Սահաբ, բացի այս կապալագիրը, ինքը վալիահթը և շահը հաստատել են իմ դոկումենտներս։