Էջ:Collected works of Atrpet.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղբ են կերել շահը և վալիահթը․ նրանց ի՞նչ գործն է արդարադատությունը։ Այս կինը այս տունը քեզանից յոթն ամիս առաջ գնել է իր ամուսնուց, սիզան կարդացվել է, նրա սեփականությունն է։

— Սահաբ, ես ի՞նչ մեղք ունիմ, երբ ինձ խաբել են․ երկրորդ կապալե են տվել, ես վալիահթի ստիպմամբ եմ գնել այս տունը, Դալալ-Բաշու խնդիրքով նրան ազատել եմ քսան հազար թումանի պարտքից։

— Լսի՛ր, բռնակալների մասին խոսելն ավելորդ է։ Տունը այս կնոջն է, և երեսուն տարվա ընթացքում այս տան մեջ կատարած աղոթքներդ, տված ողորմությունդ, բաժանածդ բարիքները, բոլորը զուր են անցել, քանի որ տանտիրոջ կամքի հակառակ նստել ես այս տանը և նրան հոգեպես տանջել։ Այս տան մեջ կատարված բոլոր ամուսնությունները պոռնկության է փոխարկվել և ծնվածները պոռնկորդի են դարձել։ Այստեղ ոչ միայն աղոթելը, ընթրելը հարամ է, այլ նստելն ու խոսելն էլ հանցանք։ Ես այլևս չեմ կարող մնալ հափշտակիչի տանը։

— Սահաբ, ինչպես որ հրամայես, ես պատրաստ եմ կատարելու, տունը ես նրան կդարձնեմ անմիջապես,— ասաց գունատված Հաջի-Ալին։

— Բայց քո երեսուն տարվան կյանքը այնպես ապականված է, որ ոչ միայն տունը, այլ կնոջ կրած բոլոր զրկանքները մինչև չդարձնես, չես կարող փրկվել։

— Պատրաստ եմ, սահաբ, միայն թե իմ հարկս մի խայտառակեք։

— Երբ բոլոր խոստացածդ կկատարես, այն ժամանակ կմտնեմ քո հարկը քեզ մխիթարելու, իսկ այսօր առանց այս կնոջ հաճության չեմ կարող մնալ այս տանը,— ասաց, վեր կացավ դենպետը և ուղղվեց դեպի փողոց։

Բոլոր հանդիսականները նրան հետևեցին։ Հաջի-Ալին կաթվածահար ընկավ և դարձրեց տները Դալալ-Բաշու կնոջը։

1909 թ.