Էջ:Collected works of Atrpet.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ Ղասըմը չարատանջ կյանքը մի կերպ քարշ էր տալիս, Միր֊Մուրթուզայի փրկած թևը չխնայելով նրա գործերում բանեցնելու։

Տարեցտարի ահագին հարստություն էր ձեռք բերում հարուստ վաճառականը և ձեռն անցած գումարով նորանոր գյուղեր էր գնում ու ընդարձակում իր կալվածները և Ղասըմի գործի ասպարեզը։ Միր֊Մուրթուզան քառասուն տարվա մեջ հորից ժառանգած չորս գյուղերի թիվը քառասուն անգամ բազմապատկել էր, այնպես որ հարյուր վաթսուն գյուղի մեջ ապրող այնքան հազարավոր շինականները, էրիկմարդ, կին, տղա, աղջիկ, բոլորը միասին աշխատում էին, տարվա չորս՝ եղանակներում տանջվում, երկիր մշակում, այգիները, պարտեզները և հանգերը պարարտացնում, խնամում, ջրում, ցանում ու աղում իրենց մշակած ահավոր հողերի բոլոր բերքը, կիսում կալվածատիրոջ հետ։

Անկուշտ կալվածատերը, որ հարյուր֊հազարավոր խալվարներով գարին ու ցորենր ամբարում ծախում էր, բրինձը շտեմարանում մաքրել տալիս և հեռու աշխարհներ ուղարկելով ահավոր գումարներ էր ստանում, չորացած միրգը, նուշը, չամիչը, ծիրանն ու սալորը Թավրիզի հայ վաճառականների վրա իր տեղում ծախում, ոսկին ու արծաթը քաշում էր իր սնդուկը, այդ անչափ գումարներով չկշտանալով, ոչ միայն կալվածների բարիքից ափերի ջրերը կարգի բերող մշակի՝ Ղասըմի տունը մի ջվալ ցորեն, մի բուռ բրինձ չէր ուղարկում կամ մի քանի շահի սև փող չէր տալիս, այլ իրաններին էլ չէր թողնում շռայլելու։ Խելք ու միտքը տվել էր կայքերը շատացնելուն, եկամուտները ամբողջապես նորանոր կալվածների էր հատկացնում և երազում էր ամբողջ Ատրպատականի գյուղերին տիրել և մի օր նրա տերը դառնալ։

Իսկ Ղասըմը առանց ծախվելու ստրկացել էր և գլուխը քաշ արած Միր֊Մուրթուզայի գնած նորանոր կալվածների քանքաններն էր կարգի բերում ոչ միայն առանց վարձի, այլ մինչև անգամ գոհունակության էլ չէր արժանանում։ Ղեռևս բարերար կալվածատերը տեղի անտեղի չէր մոռանում ամեն դեպքում նրան հիշեցնել, սիրտը ծակելով և կյանքը